armtimes.com: Հունաստանի հայ համայնքի կողմից Աթենքում հոկտեմբերի 21-ին եւ 22-ին կազմակերպված ցույցերի ավարտին մասնակիցները բանաձև են քվեարկել, որը ներկայացվելու է Հունաստանի Ազգային ժողովին, Եվրամիության, Եվրոպայի խորհրդարանին և Աթենքում ՄԱԿ-ի գրասենյակին:
Բանաձևում նշված է.
«Մենք, ովքեր չորեքշաբթի՝ 21 հոկտեմբերի 2020 թ., երեկոյան հավաքվել ենք Աթենքում՝ Իսրայելի դեսպանատան առջև
– Մեր զորակցությունն ենք հայտնում Արցախի հերոս ժողովրդին և համոզված ենք, որ նրա ազատագրական պայքարը հասնելու է իր վախճանական նպատակին:
– Խոնարհվում ենք այն հերոս մարտիկների հիշատակի առջև, բոլոր նրանց՝ երիտասարդների, պատանիների, տղամարդկանց և կանանց հերոսության առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին արդար պայքարում, ովքեր դեռ բարձր են պահում պայքարի դրոշը:
– Երախտագիտություն ենք հայտնում հույն ժողովրդին՝ Արցախի պայքարին իր ցուցաբերած բազմազան աջակցության համար:
– Պահանջում ենք միջազգային կազմակերպություններին անհապաղ միջամտել՝ արյունահեղությունը Արցախում դադարեցնելու համար:
– Մենք պահանջում ենք ճանաչել Արցախի հայության ինքնորոշման իրավունքը և Արցախի անկախ հանրապետությունը»: