Զինադադարի և Լեռնային Ղարաբաղում մարդասիրական դադարի մասին պայմանավորվածությունները չեն հարգվում հակամարտության կողմերի կողմից: Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հայտնում է tass.ru-ն։
«Դեռ չի կարելի հայտարարել, որ հարգվում են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները հրադադարի և հումանիտար դադարների վերաբերյալ։ Ցավոք, դրանք կողմերի կողմից չեն հարգվում»,- ասել է Պեսկովը։
Նա հայտնել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այլ միջոց չի տեսնում՝ բացառությամբ դիվանագիտականի։
«Ռուսաստանն արել է և անում է հնարավոր ամեն ինչ, որ առկա իրավիճակը մտցվի քաղաքական և դիվանագիտական կարգավորման հիմնական հոսք։ Մենք դեռ համոզված ենք, որ այս խնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Պետության ղեկավարի մամուլի քարտուղարը հավելել է, որ ռուսական կողմը մտադիր է «շարունակել գործադրել բոլոր ջանքերը այս հակամարտության խաղաղ կարգավորման համար»:
«Ուրիշ ելք չկա», ասել է նա։
Պեսկովը չի մեկնաբանել այն տեղեկությունները, թե հայկական կողմը կասկածում է դիվանագիտական գծով առաջընթացի հասնելու հնարավորությանը:
«Դա պետք է հարցնել Հայաստանի նախագահին»,- պատասխանել է Պեսկովը։
Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի