azatutyun.am: Այսօր լուսադեմին վրացական Զուգդիդի քաղաքում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի վրա իրականացված հարձակման հեղինակը ազատ է արձակել վերջին պատանդներին և հեռացել անհայտ ուղղությամբ։ Այս մասին հաղորդել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ հանցագործի որոնման աշխատանքները շարունակվում են։
Վրացական լրատվամիջոցների առաջ քաշած վարկածի համաձայն` հանցագործը փորձում է հեռանալ Աբխազիա։
Անհայտ զինված տղամարդը «Վրաստանի բանկի» Զուգդիդիի մասնաճյուղ էր մուտք գործել երեկ կեսօրին՝ պատանդառելով այդ պահին տարածքում գտնվող 43 աշխատակիցներին և հաճախորդներին։ Վրացական աղբյուրների տեղեկություններով` նա կես միլիոն դոլար էր պահանջում։ Ավելի քան 10 ժամ տևած բանակցություններից հետո ոստիկանությունը հնարավորություն էր տվել հանցագործին երեք պատանդների ուղեկցությամբ հեռանալ Զուգդիդիի տարածքից։