Արցախի ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է. Բելգիայի ակադեմիական, քաղաքական, իրավական և մշակութային շրջանակների ներկայացուցիչների կոչը

«Մենք գտնում ենք, որ միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է»։

Բելգիայի ակադեմիական, քաղաքական, իրավական և մշակութային շրջանակների 32 ներկայացուցիչներ համատեղ կարծիք են հրապարակել «La Libre» պարբերականում (https://bit.ly/34f5gbx), որում կոչով դիմել են Բելգիային, Եվրոպական միությանը և միջազգային հանրությանը: Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։

Կարծիքում, մասնավորապես, նշվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում են սկսել Արցախի Հանրապետության վրա՝ Թուրքիայի քաղաքական և ռազմական աջակցությամբ: Հարձակումներ են տեղի ունեցել նաև ՀՀ տարածքում: Թուրքիայի կառավարությունը նաև ջիհադիստներ է տեղակայել Ադրբեջանում, որոնք մասնակցում են հայերի դեմ այս հարձակմանը և օգտագործում են միջազգային իրավունքով արգելված կասետային զենք: Առկա են մարդու իրավունքների զանգվածային խախտումների և խաղաղ բնակիչների կոտորածների վտանգը հաստատող հիմքեր:

Կոչում մասնավորապես ասված է՝

Կոչ ենք անում Բելգիային և Եվրոպային անհապաղ գործել այս դրամատիկ հակամարտության պայմաններում:

Պահանջում ենք Բելգիայից, ինչպես նաև Եվրոպական միությունից հստակ դատապարտել այս հարձակումը: Կոչ ենք անում պատժել Թուրքիային ՝ ԵՄ թեկնածու-երկիր և ՆԱՏՕ-ի գործընկեր, ագրեսիային մասնակցելու համար:

Պահանջում ենք Բելգիայից, Եվրամիությունից և իրավապաշտպան կազմակերպություններից դատապարտել արգելված հրթիռների օգտագործումը և խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները (օրինակ ՝ LORA հրթիռներով):

Կոչ ենք անում ՆԱՏՕ-ին, որի անդամն է հանդիսանում Թուրքիան, արգելել նրան մասնակցելու Հայաստանի դեմ ցանկացած տեսակի հարձակումներին՝ հակառակ դեպքում կասեցնելով իր անդամակցությունը:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը աջակցել անհապաղ դադարեցնել կրակը և վերականգնել խաղաղ երկխոսության պայմանները ՝ առաջնությունը տալով մարդկանց:

Միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, որն այսօր էքզիստենցիալ վտանգի առաջ է կանգնած: Ուստի մենք համոզված ենք, որ Արցախի ժողովրդի համար խիստ անհրաժեշտ է ապահովել իր լիակատար ինքնիշխանությունն ու ինքնորոշման իրավունքը` առանց որևէ արտաքին կառավարման և ժողովրդավարական շրջանակներում: Մենք գտնում ենք, որ միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումն Արցախի ժողովրդի պաշտպանությունն ապահովելու ամենաարդյունավետ միջոցն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով