hetq.am: Հոկտեմբերի 20-ին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով էր հրավիրվել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հանցագործությունները թեմայով քննարկմանը:
Արման Թաթոյանի խոսքով` սեպտեմբերի 27-ից սկսած թուրք-ադրբեջանական զինված հարձակումները Հայաստանի և Արցախի բնակչության և բնակավայրերի նկատմամբ թիրախավորված ձևով է իրականացվում` վնասներ հասցնելով հենց քաղաքացիական բնակչությանը:
«Այս զինված հարձակումները Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի նկատկմամբ իրականացվում են արգելված կասետային զինատեսակներով. դրանով ոչ միայն մահ է պատճառվում, այլև կյանքը խեղող վնասվածքներ են հասցվում»,- ասաց Արման Թաթոյանը:
Հայաստանի Օմբուդսմենը խոսեց պատերազմում կիրառվող վարձկան ահաբեկիչների առկայության մասին` նշելով, որ այն արդեն միջազգայնորեն հաստատված փաստ է: Վերջիններս պատերազմական հանցագործություններ են կատարում և իրենք իսկ իրենց տեսանյութերում ասում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները:
«Ատելության խոսքն առաջին օրվանից ուղեկցում է այս պրոցեսը: Ակնհայտ է, որ Ադրբեջանում միշտ է եղել պետական բարձր մակարդակի հայատյացություն, այդ ատելությունը առավել կազմակերպված սոցիալական ցանցերում իրականացվում է` բռնության տեսանյութեր տարածելով»,- ասաց Թաթոյանը:
Ըստ ՄԻՊ-ի` այս պատերազմում հակառակորդը նպատակ ունի Հայաստանի և Արցախի բնակչության էթնիկ զտման, դա է փաստում այն, որ սեպտեմբերի 27-ից սկսած թիրախային հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ: ՄԻՊ-ի աշխատակազմի փաստահավաք խմբի աշխատանքները Վարդենիսի հարակից համայնքներում սեպտեմբերի 30-ին Անօդաչու թռչող սարքերի պատճառով ընդհատվել են և շարունակվել հաջորդ օրը:
Ավելին կարդացեք Hetq.am-ում