Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համոզմամբ` Իսրայելի իշխանությունները տեղյակ են, որ Ադրբեջանին վաճառված իրենց անօդաչու թռչող սարքերը հարձակողական նպատակներով օգտագործվում են Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ:
«Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ Իսրայելի իշխանությունը ոչ միայն տեղյակ էր, որ Ադրբեջանն իսրայելական զենքերը ոչ թե պաշտպանության, այլ հարձակման նպատակով է օգտագործում, այլեւ Իսրայելից եկած մասնագետներն էին օգտագործում»-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ եթե Իսրայելի իշխանությունն ասի՝ տեղյակ չենք, դա հերթական ծաղրանքը կլինի մարդկության հանդեպ։
«Իհարկե տեղյակ են, եւ այսօր էլ շարունակում են զենք մատակարարել։ Եվ այս ցեղասպանության համար պատասխանատու է նաեւ Իսրայելի իշխանությունը, որն ապրել է ցեղասպանություն։ Աշխարհում փողն է տիրում, եւ Իսրայելի ղեկավարության այդ քայլերը հերթական ապացույցն են, որ փողի համար ոտնահարում են ոչ միայն մարդկային, այլեւ Աստծո պարտադրած արժեքները։»- նշեց նախագահը։