Զորակոչված քաղաքացիների ու գործատուների հարաբերությունների նոր կարգավորում |lragir.am|

lragir.am: Ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության հեղինակած Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ 2005 թվականից ուժի մեջ մտած Աշխատանքային օրենսգիրքը որոշակի ծավալով է կարգավորում զինվորական ծառայության հետ կապված հարաբերությունները։ Այս նախագիծը միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն։ Այսօրվա գործող Աշխատանքային օրենսգիրքը հստակ կարգավորում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության հետ կապված հարաբերությունները՝ սահմանելով, որ գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծում է։ Մնացած դեպքերում, եթե խոսքը վերաբերում է պահեստազորային կամ զորահավաքային զինծառայությանը, որն իր մեջ ներառում է նաև վարժական հավաքները, զորավարժությունները և զորահավաքային զինծառայությունը, այս դեպքերում կարգավորումները գրեթե բացակայում են։ Եվ գործատուն չունի հստակ ձևակերպումներ՝ ինչպես պետք է վարվի աշխատողի աշխատանքային հարաբերությունները կարգավորելիս։

«Մեր նախագծով առաջարկվում է ամբողջականացնել Աշխատանքային օրենսգրքի 124 հոդվածը՝ աշխատանքային հարաբերությունները կապված զինվորական ծառայության հետ և դրանում ներառել զինվորական ծառայության բոլոր տեսակների դեպքում որոշակի իրավունքներ և պարտականություններ գործատուի համար։

Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական դրություն հայտարարելու կառավարության որոշմամբ միաժամանակ սահմանվել է նաև զորակոչ, առաջարկվում է, որ զորակոչի միջոցով զինվորական ծառայություն իրականացնելու ընթացքում աշխատողի աշխատատեղը գործատուի մոտ պահպանվում է։ Այդ ժամանակահատվածի համար աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից։

Եվ սահմանվում է նաև, որ գործատուի և աշխատողի միջև աշխատանքի վարձատրության հարաբերությունները կարող են կարգավորվել կողմերի համաձայնությամբ»,- ասաց Տիգրանյանը։

Նաև առաջարկվում է, որ զորահավաք իրականացնելիս կամ կամավորագրվելու դեպքում այդ ժամանակահատվածը հաշվարկվի որպես աշխատանքային ստաժի հատված։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով