armenpress.am: Նիդերլանդների Քրիստոնեա- դեմոկրատական կուսակցության Արտաքին քաղաքական և պաշտպանական հարցերով խոսնակ, խորհրդարանի պատգամավոր Մարթայն ֆան Հելվերտը չի պատկերացնում Եվրամիության գործընկերությունը Ադրբեջանի հետ, որն ականջալուր չի լինում հրադադարի կոչերին: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին:
Մարթայն ֆան Հելվերտը նկատեց, որ ԵՄ-ն, ՄԱԿ-ը հրադադարի կոչերով են հանդես եկել, ինքը ևս կողմնակից է հրադադարի գաղափարին: «Ադրբեջանը, սակայն, բացահայտ ասել է, որ համաձայն չէ: Չեմ կարծում, որ դա լավ նշան է, հատկապես այն ժամանակ, երբ մենք քննարկում ենք ԵՄ գործընկերությունը նաև Ադրբեջանի հետ: Եվ չեմ կարողանում պատկերացնել, որ մենք գործընկերություն կսկսենք մի երկրի հետ, որը չի լսում հրադադարի որևէ կոչ՝ ոչ ԵՄ-ից,ոչ ՄԱԿ-ից»,-ասաց պատգամավորը:
Մարթայն ֆան Հելվերտը կարծում է՝ սարսափելի է, որ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ, որպես ՆԱՏՕ-ի շատ երկրների դաշնակից, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի մասին խոսում է պատերազմական լեզվով:
«Ես նախարարին խնդրել եմ միջազգային ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որ դադարի խոսել պատերազմի լեզվով Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ»,-ասաց նա ու հավելեց՝ այն, ինչ պետք է անի միջազգային հանրությունը, ինչպես նաև Թուրքիան՝ այս հակամարտությունն ապաէսկալացնելն է, զենքի օգտագործումը դադարեցնելը:
Շարունակությունը՝ armenpress.am-ում