lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։
Տիկին Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության արձագանքը Արցախի շփման գծի ողջ երկայնքով տեղի ունեցող պատերազմական գործողությունների վերաբերյալ, մասնավորապես, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի կողմից:
Ես կարծում եմ, որ միջնորդ երկրների ներկայացուցիչները բնականաբար խաղաղության, արագ կրակի դադարեցման կոչեր են անում, նաև կոչ են անում կողմերին վերադառնալ բանակցային սեղան: Ընդհանուր առմամբ, մեր ակնկալիքները միշտ շատ ավելին են միջազգային հանրությունից, որովհետև ամբողջ աշխարհի համար ակնհայտ է, թե ով է ագրեսորը, դա Ադրբեջանն է: Ավելին, դրան ավելանում է Թուրքիայի ակտիվ աջակցությունն Ադրբեջանին, ինչի մասին ակտիվորեն գրում է նաև միջազգային մամուլը: Այս պայմաններում, ես կարծում եմ, և արդեն նկատվում են այդ միտումները, Թուրքիային և նրա ներգրավվածությունը դատապարտող հայտարարությունները: Դրանք շատ կարևոր են, որովհետև Թուրքիայի նման ակտիվությունը ցույց է տալիս, որ խնդիրը կարող է դուրս գալ իր շրջանակներից և դառնալ շատ ավելի մեծ տարածաշրջանային խնդիր: Ակնհայտ նկատվում է նաև, որ համանախագահող երկրներն են արձանագրում դա և դատապարտող հայտարարություններով հանդես գալիս՝ կոչ անելով Թուրքիային քիթը չխոթել այս պատերազմի մեջ:
Ադրբեջանը ևս ռազմական դրություն է հայտարարել: Արդյոք սա չի հուշում այն մասին, որ պատերազմական գործողությունները երկարատև են լինելու:
Դժվարանում եմ այս պահին ժամկետներ նշել ռազմական գործողությունների մասին, բայց որ Ադրբեջանը տրամադրված է ինտենսիվ մարտերը շարունակել, դա ակնհայտ է, նաև դեպքերի զարգացումից է դա երևում: Ալիևը հայտարարել է, որ իրենք սա համարում են իրենց վերջնական կռիվը, և պատրաստվում են գնալ մինչև վերջ: Այս իրավիճակում մեր արձագանքը լինելու է կոշտ և համարժեք: Այս պայմաններում ակնհայտ է, որ թեժ մարտերը չեն դադարում, իսկ հետագա զարգացումների հետ կապված կդժվարանամ որևէ բան ասել:
Դուք ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ եք: Դիվանագիտական հարթակում այս օրերին ինչպիսի աշխատանք եք իրականացնում:
Ես, թե իմ գործընկերները ակտիվորեն շփման մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ, տեղեկացնում ենք տիրող իրավիճակի մասին: Բոլորը շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, այդուհանդերձ, ես կարծում են, որ բնականաբար, իրազեկումը կարևոր է, բազմաթիվ դատապարտող գրառումներ են հրապարակվել թվիթերյան միկրոբլոգում մեր գործընկերների կողմից՝ հստակ մատնանշելով, որ Ադրբեջանը ագրեսիա է ձեռնարկել Արցախի դեմ: Միաժամանակ, այս իրավիճակում մեր ԱԳ նախարարն է ինտենսիվ շփումներ ունենում և տեղյակ պահում իր բոլոր գործընկերներին առկա իրավիճակի մասին: Պետք է նաև հիշենք, որ մեզ համար հարցը չի կարող երբևէ դուրս գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներից: Դա միակ ընդունելի ձևաչափն է մեզ համար:
Շարունակությունը՝ lragir.am-ում