Ե՛վ պատսպարված, և՛ տարհանված քաղաքացիները կառավարության և օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում են, նրանց բոլոր խնդիրները լուծվում են։ Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։
«Տարհանված մարդիկ պետության հաշվին ապահովվում են անհրաժեշտ պարագաներով և սննդամթերքով։ Տարհանված բնակչությունը տեղավորվել է ԱՀ այլ շրջաններում, հիմնականում օգտագործվել է հյուրանոցային ֆոնդը։ Այս պահին 1500 բնակչի հաշվով պարենային փաթեթ է պատրաստված»,-մասնավորապես նշեց Արցախի պետական նախարարը։
Գրիգորի Մարտիրոսյանն ընդգծեց, որ Արցախի Հանրապետությունում պարենային առումով ապահովված ենք բոլոր անհրաժեշտ ապրանքներով․ «Պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունենք այս պահին։ Ռազմական գործողությունների մեկնարկը վնասներ է հասցրել ինչպես քաղաքացիական բնակչությանը, այնպես էլ տնտեսությունը․ այս պահին իրականացնում ենք վնասների գանահատում»։
ԱՀ պետական նախարարն ասաց, որ Արցախի ամբողջ տարածքում վերականգնել է էլեկտրամատակարարումը։
«Գազամատակարարման խնդիրների լուծումը ընթացքի մեջ է։ Առավել մեծ վնաս է հասցվել կապի ոլորտին, բայց մեր, ինչպես նաև հրավիրված մասնագետների համատեղ ջանքերով կապի ոլորտը վերականգնվում է, և արդեն իսկ բջջային կապը հիմնականում աշխատում է, ինտերնետի հասանելիությունը նույնպես վերականգնվում է։ Հեռուստատեսությունը և Հանրային ռադիոն հասանելի են ԱՀ ամբողջ տարածքում, և բնակչությունը տեղեկացված է իրադրությունից»,-մանսավորապես նշեց Գրիգորի Մարտիրոսյանը։
Արցախի պետական նախարարը ընդգծեց և խնդրեց, որ աջակցություն ցուցաբերեն բացառապես ստեղծված օպերատիվ խմբի հետ համաձայնեցնելով, որովհետև դա շատ կարևոր է բնակչության կարիքների գնահատման տեսանկյունից