armenpress.am: Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է հեռախոսազրույց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Քննարկվել է իրավիճակի կտրուկ սրացումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի շրջանում: Ռուսական կողմը լուրջ մտահոգություն է հայտնել լայնամասշտաբ ռազմական բախումների վերսկսկման առնչությամբ: Նշվել է, որ այժմ կարևոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ հակամարտության հետագա էսկալացիան թույլ չտալու համար, և կարևորը՝ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները», – ասված է հաղորդագրությունում:
ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում խորը մտահոգություն է հայտնել ադրբեջանական կողմից սանձազերծված ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնք ագրեսիա են Լեռնային Ղարաբաղի դեմ: Նա անթույլատրելի է համարել էսկալացիայի հետագա զարգացումը և դրանում արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը: