armenpress.am: ԱԺ խմբակցություններին արդեն տևական ժամանակ չի հաջողվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում կոնսենսուսով անդամ նշանակել: Հարցը լուծելու նպատակով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն առաջարկում է փոխել մրցութային խորհրդում անդամի նշանակման կարգը:
Գրիգորյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար ներկայացրեց ԱԺ սեպտեմբերի 17-ի նիստում:
Գրիգորյանը հիշեցրեց, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհուրդը կազմավորելու համար, գործող օրենքի համաձայն նաև ԱԺ-ի կողմից պետք է անդամ նշանակվի: Գործող կարգավորմամբ այդ անդամը պետք է նշանակվի խմբակցությունների կոնսենսուսով: Սակայն դրան չի հաջողվում հասնել արդեն տևական ժամանակ: Գրիգորյանի նախագծով ի սկզբանե նախատեսվել էր, որ այդ իրավունքն անցնի ԱԺ նախագահին: Սակայն հետագայում քննարկումների արդյունքում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացվել է այլ կարգավորում:
«Որպեսզի ԱԺ նախագահի կողմից միանձնյա որոշում չկայացվի, նախատեսվել է հետևյալ մեխանիզմը՝ կոնսենսուսով նշանակում, իսկ եթե դա չի հաջողվում, ապա այդ խորհրդում ներկայացուցիչը նշանակվում է ԱԺ խորհրդի կողմից»,-ներկայացրեց պատգամավորը:
Փոփոխությունների արդյունքում տրվել են ընդհանրական ձևակերպումներ: Արդյունքում նախատեսվել է մեխանիզմ, որ առհասարակ ոչ միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, այլ առհասարակ ինքնավար մարմիններում, երբ անդամ նշանակելու համար կձևավորվի մրցութային խորհուրդ, և կնախատեսվի, որ ԱԺ-ի կողմից պետք է լինի ներկայացուցիչ, կգործի այս մեխանիզմը: