15։19- Իսրայելը կդառնա աշխարհի առաջին պետությունը, որ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում երկրորդ անգամ համապետական լոքդաուն կհայտարարի։ Երեքշաբաթյա կարանտինային միջոցառումները ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 18-ին։ Ըստ Իսրայելի կառավարության կայացրած որոշման՝ երկրի բնակիչները լոքդաունի ընթացքում իրավունք կունենան իրենց բնակության վայրերից հեռանալ առավելագույնը 500 մետրով։ Մինչև հոկտեմբերի 9-ը չեն գործելու բոլոր դպրոցները, առևտրի կենտրոններն ու ռեստորանները։ |azatutyun.am|
13։18- ԱՀԿ-ն սպասում է, որ Եվրոպայում կորոնավիրուսի պատճառով մահերի թիվը հոկտեմբերին եւ նոյեմբերին կավելանա: Մահերի թվի ավելացումը կապված կլինի Եվրոպայում համաճարակի նոր ալիքի պատճառով ախտահարման դեպքերի քանակի աճի հետ: |armenpress.am|
11։35- Թուրքիայում սեպտեմբերի 13-ին նոր տիպի կորոնավիրուսից մահացել է 57 մարդ, հաստատվել է կորոնավարակի 1,527, առողջացման՝ 1,102 դեպք: Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 291,162 և մահվան 7,056 դեպք։ |ermenihaber.am|
11։10- Սեպտեմբերի 14-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 165 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 2,392 է: Երկրում այսօր կորոնավիրուսից բուժվածների թիվն անփոփոխ է: Վրաստանում, ընդհանուր հաշվով, վարակը հաղթահարել է 1,369 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ: |aliq.ge|
10։49- Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 29 միլիոնին, հիվանդությունից մահվան դեպքերինը՝ 924 հազարին, ապաքինվել է ավելի քան 19,6 միլիոն մարդ։ Վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ՝ 307,9 հազար նոր դեպք։ Վարակվածների թվի աճ է նկատվում եվրոպական շատ երկրներում, մասնավորապես՝ Չեխիայում, իսկ Իսրայելը սեպտեմբերի 18-ից երեք շաբաթով վերադառնում է խիստ սահմանափակումների: |azatutyun.am|
Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․09․20