armtimes.com: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը 2000 թվականին ԱՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով արդարացման գործընթաց է սկսել:
Հարցին ի պատասխան՝ Արցախի դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ ս.թ. հուլիսի 27-ին Բաբայանի փաստաբանից ստացված միջնորդության քննարկման արդյունքում օգոստոսի 20-ին գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:
Ըստ դատախազության՝ գործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ) եւ 366-րդ հոդվածի 2-րդ մասով (Հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը, որն ուղեկցվել է ծաղրուծանակով, խոշտանգմամբ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
Բաբայանի փաստաբան Արամ Ղլեչյանը մեր զրույցում ասաց, որ ի հայտ են եկել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք բացառում են Արկադի Ղուկասյանի մահափորձի գործով մի շարք դատապարտված անձանց գործողություններում հանցակազմի առկայությունը:
«Այսինքն, կոպիտ ասած, գործը կարվել է պարոն Բաբայանի վրա»,- հավելեց փաստաբանը՝ ընդգծելով, որ քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որ ժամանակին Սամվել Բաբայանի դեմ ցուցմունքները կորզվել են խոշտանգումներով:
Շարունակությունը՝ armtimes.com-ում