Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 09․09․20 (թարմացվող)

18։00- ՇՎՏՄ-ն այսօր կասեցման գործընթաց է իրականացրել Գյումրի քաղաքում: 24 ժամով կասեցվել են գազալցակայանների և շինանյութի ու հագուստի մանրածախ առևտրի կետերի գործունեությունը: Նշված տնտեսավարողների մոտ ավելի վաղ տեղի ունեցած մշտադիտարկման արդյունքում տեսչական մարմինը արձանագրել էր թերություններ՝ կապված ջերմաչափման գրանցամատյանների և փակ աղբամանների հետ: Որոշ տնտեսավարողների գործունեության վայրերում աշխատակիցները սպասարկել են առանց դիմակների:

 

17։20-Արտակարգ դրության սահմանափակումների մեղմացմամբ և նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ Բագրատաշենի  անցակետով կտրուկ աճել է ուղևորահոսքը․ Հայաստան են վերադառնում ջավախահայ ուսանողներ, ՀՀ քաղաքացիներ Վրաստանից և Թուրքիայից։ Վերահսկողական աշխատանքներն առավել ուժեղացվել են։ Հսկիչ կետը համալրվել է լրացուցուցիչ ուժերով։ ԱԱՏՄ սահմանային հսկիչ կետերում ՀՀ մուտք գործող անձանց տրամադրվում են նաև անհատական պաշտպանիչ միջոցներ: [ԱԱՏՄ]

 

16։55-  Շիրակի մարզի դպրոցներում թեստավորման գործընթացը սկսվել է։ Ընդհանուր առմամբ, մարզի 160 դպրոցի 5․848 աշխատակից է թեստավորվելու։ Գյումրիի գրեթե 10 դպրոցի աշխատակիցների թեստավորումն ավարտվել է։ Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ դպրոցների աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի դեպքեր կան։ Նրանք, ովքեր դրական ախտորոշում ունեն, մեկուսացվել են մինչև դասապրոցեսը սկսվելը։  |factor.am|

 

14։45-Հայաստանում վերջին 24 ժամում արվել է համավարակի սկզբից մինչև օրս ռեկորդային՝ 3518 թեստավորում. թեստերի նման մեծ թիվը պայմանավորված է նաև նրանով, որ դպրոցներում դասերի մեկնարկին ընդառաջ թեստավորում են անցնում ուսուցիչները: Թե օրական քանի ուսուցիչ է թեստավորվում, կախված է նրանից, թե քանի հոգի է անհրաժեշտ թերթիկով այցելում պոլիկլինիկա: Կան ռիսկային խմբում ուսուցիչներ, որոնք չեն գնալու աշխատանքի: Թեստավորումը ուսուցիչների համար ֆինանսական ծախս չի առաջացնի, անվճար է: [ԱՆ խոսնակ] |armenpress.am|

 

13։50- Նոր կորոնավիրուսն  ախտորոշող հայկական արտադրության թեստերն արդեն կիրառվում են։ Այս մասին փոխանցեց Առողջապահության նախարարության խոսնակը։ COVID-ի հայկական թեստերն արտադրող Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ղեկավար Արսեն Առաքելյանի տեղեկացմամբ՝ արդեն 47 հազար թեստ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին է տրամադրվել, ևս 10 հազարն այս շաբաթ կտրամադրվի։ Օրական 1500-ից մինչև 3000 թեստ է արտադրվում |factor.am|

 

12։05-  Արցախի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 1 նոր դեպք:  Առողջացել է 6 քաղաքացի: Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 317 մարդու մոտ, որից 283-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 32, ընդհանուր մեկուսացված է 49 քաղաքացի: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

11:00- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 89 (կին) և 79 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10:55- Սեպտեմբերի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 45152 դեպք, որոնցից 41023-ն` առողջացած, 905-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2945 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 224559 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3518 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 199 նոր դեպք: Ունենք 431 առողջացած: [ՀՀ ԱՆ]

 

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 09․09․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 08․09․20 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով