hetq.am: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է վիրավորանքի և զրպարտության դրամական փոխհատուցման չափը հնգապատկել: Գործող օրենքով վիրավորանքի համար փոխհատուցման չափը մեկ միլիոն դրամ է, զրպարտության համար` երկու միլիոն դրամ, պատգամավորն առաջարկում է փոխհատուցման չափը հնգապատկել` դարձնելով 5 և 10 միլիոն դրամ:
Ըստ նախագծի հեղինակի` տեղեկատվական դաշտում իրավիճակ է, երբ վիրավորանք և զրպարտություն գրեթե ամեն օր կարելի է հանդիպել մամուլում թե իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչների հասցեին: Սիմոնյանն ընդգծեց` սա օրենք չէ լրատվամիջոցի դեմ, այլ` ստի, վիրավորանքի ու զրպարտության դեմ է: