tert.am: Չհավատաք, որ մեկը գա ձեզ ասի՝ այդ հարցը լուծելու է․ այդ հարցը մեր ձեռքում չէ, որ կարողանանք լուծել, մենք հիմա բանակցում ենք ամենօրյա ռեժիմով, փորձում ենք չվերթները վերականգնել ոչ միան ձեզ համար, այլև, որ մարդիկ գան այստեղ, փող մտնի երկիր, տնտեսությունը չփլվի, հյուրանոցները դատարկ են: Այս մասին ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների՝ ԱԺ-ի դիմաց կայացած բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հիմա ՌԴ ուղևորափոխադրում չի լինելու, ՌԴ-ն ու Վրաստանը թույլ չեն տալիս, բայց ես ենթադրում եմ՝ շատ երկար չի տևելու, մի ամսվա ընթացքում ռուսների հետ կբանակցենք, վրացիների հետ չենք կարողանալու»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 31-ին Վրաստանում համապետական ընտրություններ են, և վերջիններս երկիրը չեն բացելու, մինչև ընտրությունները չանցնեն:
Քաղաքացիներից մեկը հարցրեց՝ ինչն է պատճառը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր 100 տարվա բարեկամին չի թողնում մտնել ՌԴ, ինչին Սիմոնյանն արձագանքեց՝ Պուտինի բարեկամի հարցը չէ:
«Ես ասում եմ՝ քանի որ հիմա չեք կարող ՌԴ գնալ, ու ասում եք, թե դրսում եք քնում, առաջարկում եմ այդ հարցը լուծել, որովհետև ես ՌԴ-ի իշխանության վրա լծակ չունեմ, և մյուս երկրներից որևէ մեկը լծակ չունի, որ ստիպի: Եկել եք ինձնից ՌԴ-ի իշխանության լծակ եք ուզում: Առանց ձեր ասելու բանակցում ենք: Ուստի եկեք մի բան հասկանանք ՝ մենք քննարկում ենք ձեր գնալու՞ հարցը, թե՞ ամեն մեկիդ անհատական հարցերը՝ աշխատանքի, տեղի»:
Քաղաքացիներից մեկի դիտարկմանն էլ, թե կորոնավիրուսի համաճարակը շարունակվում է, այդ դեպքում որքա՞ն պետք է լինի վարակակիրների թիվը, որ իրավիճակը վտանգավոր չհամարվի, ու թույլ տան մեկնել, պատգամավորն արձագանքեց, թե այժմ ՀՀ-ում վարակակիրների թիվը նման թույլտվության համար բավարար է, մնում է՝ գործընկեր երկրները համաձայն լինեն, սակայն պետք է հաշվի առնել, որ դպրոցների վերաբացումից հետո ռիսկեր կան, որ վարակակիրների թիվը կավելանա: