«իԳործ» ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները աշխատանքի են անցնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։
Այսօր նախարարությունում հանդիպում է կազմակերպվել ծրագրի շրջանակում հայտ ներկայացրած և ընտրության փուլը հաղթահարած երկու սփյուռքահայ մասնագետների հետ՝ կանադայից և Լիբանանիվ։ Նրանք կներգրավվեն նախարարության Հանրային ներդրումների քաղաքականության վարչության աշխատանքներում։ Մինչև հոկտեմբերի սկիզբ նրանց կմիանա ևս ութ սփյուռքահայ մասնագետ։ Նախարարության այլ ստորաբաժանումներում նույնպես սփյուռքահայ մասնագետների համալրում է սպասվում։
Նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը, ողջունելով սփյուռքահայ մասնագետներին, իր գոհունակությունն է հայտնել նախարարության գործունեության մեջ Սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավվելու առիթով և հույս հայտնել, որ նրանց մուտքը նախարարություն նոր թափ կհաղորդի աշխատանքների ընթացքին։
– Վստահ եմ, որ ձեր գիտելիքները և մասնագիտական կարողությունները գործադրելով, կնպաստեք նախարարության առջև դրված խնդիրների լուծմանը և տնտեսական ծրագրերի արդյունավետ իրականացմանը, – ասել է Արմեն Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից մեկնարկել է «իԳործ» ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին աշխատելու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններում շուրջ մեկ տարի և ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում։
Նախատեսվում է, որ սփուռքահայ 100 բարձրակարգ մասնագետ մինչ տարեվերջ աշխատանքի կանցնի Հայաստանի պետական կառավարման մարմիններում։