armenpress.am։ Հայաստանում ներդրվող սոցիալական շտապօգնության ինստիտուտը կամավորներին հնարավորություն կտա օգնել սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց, թե ինչ է սոցիալական շտապօգնության ինստիտուտը, խոսեց դրա կարևորության և անհրաժեշտության մասին:
«Սոցիալական շտապօգնության համակարգի ստեղծման գաղափարը ծնվել է դեռ մի քանի տարի առաջ: Այժմ մենք փորձում ենք իրականություն դարձնել այն: Համակարգն ուղղված է նրան, որ մենք կարողանանք ավելի համակարգված ձևով հավաքագրել և արձագանքել սոցիալական աջակցության կարիք ունեցող անձանց:
Այս ծրագրին պետք է ներգրավենք տարբեր ՀԿ-ների, ակտիվ քաղաքացիների, պետական կառույցների, ինչպես նաև համայնքներին և մարզպետարաններին»,- նշեց Անդրեասյանը և հավելեց, որ այդ բոլոր կառույցների միջև ենթադրվում է սերտ համագործակցություն, որպեսզի հնարավոր լինի քաղաքացիների կարիքներն ամբողջությամբ, համակարգված բավարարել:
Նրա խոսքով՝ սոցիալական շտապօգնության հարթակ ստեղծելով՝ կմեկտեղվեն աջակցության կարիք ունեցողների տվյալներն ու նրանց աջակցելու հնարավորությունները:
«ՀՀ տարբեր մարզերում նախատեսվում է ստեղծել տարածքային կետեր, և այժմ մենք իրականացնում ենք դրանց քարտեզագրումը: Նպատակ ենք դրել առնվազն բոլոր խոշոր բնակավայրերում ունենալ այդ տարածքային կետերից, որոնք գործելու են իբրև ընդունիչ և բաշխիչ տարածքներ, որտեղ մարդիկ և կառույցները կարող են փոխանցել այն ամենը, ինչը որպես աջակցություն կտրամադրվի մյուսներին: Այդ ամենի կարիքն ունեցողներն էլ կարող են գալ և վերցնել տվյալ կետերից»,- ասաց Անդրեասյանը:
Այս պահին քննարկումներ են ընթանում տարածքային կետերի վերաբերյալ, քանի որ այնտեղ պետք է դրվի նաև որոշակի պայմանների բավարարման խնդիր, հատկապես, եթե խոսքը սննդամթերքի մասին է:
Նախարարությունն իր կայքում հասանելի կդարձնի տարածքային քարտեզը, որպեսզի մարդիկ իմանան, որ օրինակ, կարող են ցանկության դեպքում մոտենալ այդ կետին և հանձնել այն իրը, ինչ կցանկանան, կարիք ունեցողն էլ դա վերցնի:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ մարդիկ կարող են բնաիրային աջակցություն տրամադրել՝ մանկական սայլակից, տեխնիկայից սկսած մինչև, ասենք, հագուստ:
«Այստեղ մենք ցանկանում ենք երկու գաղափար ներդնել՝ աջակցություն նրանց, ովքեր ունեն դրա կարիքը և փոխօգնության տարրը: Ցանկանում ենք տարածել այս մշակույթը, որպեսզի մարդիկ իմանան, որ ցանկացած մեկի կարիքի մեջ լինելու դեպքում կարող ենք աջակցություն տրամադրել»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:
Սոցիալական շտապօգնության համակարգում գերատեսչությունը նախատեսում է նաև իրականացնել կամավորական աշխատանք, որտեղ ներգրավված կլինեն իրավաբաններ, հոգեբաններ:
«Այդ անձինք կամավորության սկզբունքով օրվա որոշակի ժամերին կարող են որոշակի ծավալով աջակցություն ցուցաբերել դրա կարիքն ունեցող մարդկանց: Այս ծառայությունները նույնպես սոցիալական շտապօգնության համակարգի մաս են կազմելու»,- ընդգծեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը և հավելեց, որ առաջիկայում տարածելու են կամավորների բանկի ստեղծման հայտարարություն, այսինքն՝ կհավաքվեն այն մարդկանց տվյալները, ովքեր ցանկություն կունենան միանալ համակարգին:
Ծրագիրը կազմված է լինելու երկու փուլից և առաջինում, որպեսզի աշխատանքը համակարգված լինի, այդ գործընթացը կիրականացնեն սոցիալական աջակցության տարածքային մարմինները: Երկրորդ փուլում նախատեսվում է գործարկել էլեկտրոնային համակարգ, որը շատ հեշտ օգտագործման գործիք կլինի ցանկացած մարդու համար:
Անդրեասյանը վստահ է, որ ծրագիրը հաջողված կլինի այն պարագայում, երբ համակարգը լինի ապակենտրոն: