tert.am: Չեք կարողանում վերադառնալ օբյեկտիվ պատճառներով, որը պայմանավորված է համավարակով, այդ ուղղությամբ էլ բանակցություններ են վարվում, խնդրում եմ դիմեք ԱԳՆ-ին և պարետատանը, իրենցից պատասխաններ կստանաք, մենք սահման բացելու գործառույթ չունենք, կամ որոշելու՝ Ռուսաստանը ում է ներս թողնում, ում չի թողնում: Այս մասին կառավարության առջև հավաքված ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներին ասաց սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Հարցին՝ սա քայլ է, որ քաղաքացներին չթողնե՞ք արտագաղթեն երկրից, Սինանյանը պատասխանեց. «Ի՞նչ քայլ, ով ասաց, որ մենք չենք թույլատրում: Պարետատանն ու ԱԳՆ-ին հարցրեք՝ ինչ է արվում այդ ուղղությամբ, ես համոզված եմ, որ քայլեր արվում են»:
Բողոքող քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ Ռուսաստանում վարձակալած տարածք ունի, բիզնեսով է զբաղվում, փակել, եկել է, որ անձնագիր փոխի, հետ գնա, սակայն եկել, մնացել է: «Մայիսից բացվել է Մոսկվայում ամեն բան, աշխատում են մարդիկ, ես ոչ մի բան չեմ կարողանում վճարել այնտեղ, ինձ ասում են` արի կա’մ իրերդ հավաքի գնա, կա’մ վարձը տուր, ինչպե՞ս գնամ: Այստեղ վարկեր ունեմ, մինչև մարտ ամիսը ամբողջը վճարել եմ, մի օր ուշացում չեմ ունեցել, իսկ հիմա ոչ մի բան չեմ կարողանում վճարել, ո՞նց անեմ, ես ինչպե՞ս ապրեմ: 6 ամիս է` վարկ չեմ մուծում, ի՞նչ անեմ, տունս էլ ձեռքիցս կառնեն, մեքենաներն էլ, ի՞նչ անեմ»,- ասաց նա: