hetq.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Կառավարության հետ համատեղ օրենսդրական նախագիծ են մշակում` զինվորական ծառայությունից խուսափած և հետախուզման մեջ գտնվող անձանց վերադարձը հայրենիք ապահովելու նպատակով:
2020-ի հունվարից չի գործում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը, հետևաբար քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի` զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածի հատկանիշներով հետախուզվող քաղաքացիները Հայաստան վերադառնալ չեն կարող: Եթե նախկինում վերջիններս բացակայած զորակոչերի քանակին համապատասխան պետական տուրք էին վճարում և ազատվում քրեական հետապնդումից, ապա այժմ նման կարգավորում չկա:
Նախագծի համահեղինակ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում է` ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հետախուզման մեջ գտնվող անձանց 90%-ը զինվորական ծառայությունից խուսափողներն են: Շատ դեպքերում նրանք այդ կարգավիճակում հայտնվել են ոչ իրենց մեղքով. ծնողները նրանց Հայաստանից տարել, դարձրել են այլ երկրի քաղաքացի և այդ կերպ խնդիրներ ստեղծել իրենց իսկ երեխաների համար: Քոչարյանն այն համոզմունքին է, որ մարդկային այդ մեծ ռեսուրսը իր ներդրումը պետք է կատարի հայրենիքում, իսկ դրա համար նրանք պետք է հայրենիք վերադառնալու հնարավորություն ստանան:
«Օրենքների մի ամբողջ փաթեթ վերանայում ենք, փոփոխություններ ենք առաջարկելու, որը լուծելու է այդ խնդիրը` տալով ալտերնատիվ տարբերակ հետախուզման մեջ գտնվող անձանց համար: Բնականաբար պետք է հաշվի առնենք բոլոր հանգամանքները` սկսած նրանց առողջական վիճակից, նաև ծառայելու համար մեխանիզմներ առաջարկելուց»,-ասում է Անդրանիկ Քոչարյանը: Պատգամավորի խոսքով` նախագծի շուրջ քննարկումներ կան նաև վարչապետի աշխատակազմի հետ և ամփոփելով շահագրգիռ կողմերի բոլոր առաջարկները՝ այն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ:
Հիմնական դրույթը, որ քննարկվում է հետևյալն է` եթե քաղաքացին բավարարում է զինվորական ծառայության համար նախատեսված պահանջներին, պետք է ծառայության անցնի, պետությունն էլ իր հերթին է լրացուցիչ հնարավորություն ընձեռում` բարձրացնելով զինծառայության համար նախատեսված տարիքային շեմը (այն այժմ մինչև 27-ն է, պահետազորի դեպքում` 35-ը):
Այն դեպքում, եթե քաղաքացին հիմնավորում է իր` զինծառայությանը չմասնակցելը, ապա ունի հնարավորություն վճարել երկու տարվա պայմանագրային զինծառայողների աշխատավարձը (նաև հավելավճարը) և այդ կերպ ազատվել ծառայությունից: Այս առաջարկը, ըստ նախագծի համահեղինակների, հնարավորություն կտա համալրել պայմանագրային հիմունքներով զինծառայություն մատուցող անձնակազմի քանակը` դրանով լուծելով բանակի համար կարևոր խնդիր:
Պայմանագրային զինծառայողների երկու տարվա աշխատավարձը (հավելավճարը ներառյալ) կազմում է մոտ 5-5,5 միլիոն դրամ:
Շարունակությունը՝ hetq.am-ում