tert.am: Հրավիրված մամուլի ասուլիսին ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ Հայաստանի կառավարության կողմից Սիրիայում կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրվել է ֆինանսական օգնություն 100 հազար ԱՄՆ դոլարի չափով, որը տրամադրվել է ԱԳՆ բյուջետային խնայողություններից: «Արդեն այդ ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է ստացել 300 սիրիահայ կարիքավոր ընտանիք Դամասկոսում և արվարձաններում, մոտ օրերս այդ ծրագրի շրջանակում աջակցություն կցուցաբերվի ևս 4750 սիրիահայ ընտանիքի»,- տեղեկացրեց նա:
Նաղդալյանն այնուհետև անդրադարձավ համավարակով պայմանավորված երկիր մուտքի հետ կապված սահմանափակումներին: Նա նշեց, որ միայն ցամաքային ճանապարհով ՀՀ քաղաքացիների ելքի արգելքն է գործում և օտարերկրացիների մուտքի արգելքը: ՀՀ քաղաքացիների համար օդային սահմաններով արգելք չի գործում, իսկ ՀՀ տարածքից դուրս մեկնելու սահամանփակումները արդեն կապված են տվյալ երկրում կորոնավիրոսով պայմանավորված սահմանափակումներով:
Աննա Նաղդալյանն անդրադարձավ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներին և հղում կատարեց ՌԴ կառավարության մարտի 16-ի կարգադրությանը, որով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների կատեգորիաները, որոնք կորանավիրուսի դեմ պայքարի սահամանփակումների շրջանակում կարող են այցելել ՌԴ դաշնություն: «Դրանք ենք՝ ՌԴ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, խնամակալները, հարազատության աստիճանը վկայող փաստաթղթի ներկայացման դեպքում, բուժման նպատակով ՌԴ մեկնող քաղաքացիները՝ անձը հաստատող փաստաթղթի և ՌԴ-ում բուժհիմնարկի կողմից հրավերի դեպքում օտարերկրյա քաղաքացիները: ՀՀ կառավարությունը շարունակում է ռուսական կողմի հետ աշխատանքներ տանել ինչպես կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու, այնպես էլ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերացման կամ չեղարկման կապակցությամբ: Այս առումով աշխատանքները շարունակվում են, այս պահի դրությամբ հստակ ժամանակ չեմ կարող նշել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Չինաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին, ԱԳՆ խոսնակը նշեց, որ Չինաստան մեր քաղաքացիները կարող են մեկնել, եթե ունեն 3 օր առաջ արված կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք, թեստը պետք է արվի Հայաստանում Չինաստանի դեսպանատան կողմից նշված հիվանդանոցներում և լաբորատորիաներում: