ԱՄՆ ռազմական աջակցությունը Ադրբեջանին եւ հայ-ամերիկյան օրակարգը |lragir.am|

lragir.am: Մեր զրուցակիցն է քաղաքագետ Նարեկ Մինասյանը

Պարոն Մինասյան, ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Թրամփի վարչակազմը 100 մլն դոլար է հատկացնելու Ադրբեջանին և 7 մլն դոլար Հայաստանին։ Ինչի՞ մասին է սա խոսում։

Հրապարակված տվյալների համաձայն՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակներում Ադրբեջանը 2018 թ. ֆինանսական տարում ստեցել է 58.6 մլն դոլար, իսկ 2019թ. ֆինանսական տարվա համար նախատեսված է 42.9 մլն դոլար: Նման ծավալի օգնությունը մտահոգիչ է, եթե հաշվի առնենք, որ 2018թ. նույն ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրված օժանդակությունը 2018 ֆինանսական տարվա համար կազմել է 4.2 մլն դոլար, իսկ 2019թ. համար նախատեսված է 2.8մլն դոլար:

Ամերիկյան կողմի տրամադրած օգնության նման մեծ տարբերությունը, կարծում եմ, կարելի է նախևառաջ պայմանավորել իրանական գործոնով: Ադրբեջանին տրամադրված օժանդակության հիմնական մասը նախատեսված է եղել հենց հարավային սահմանի պաշտպանության կարողությունների (էլեկտրոնիկա, շինարարություն, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլն) զարգացման համար, ինչը լիովեին տեղավորվում է Իրանի շուրջ «օղակի» սեղմման ռազմավարությանը, որը որդեգրել է ԱՄՆ ներկայիս վարչակազմը:

Ադրբեջանին ամերիկյան օժանդակության մեծ ծավալը կարելի է բացատրել նաև ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբիստների ջանքերով, ովքեր ամեն կերպ փորձում են գտնել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի (արգելում է Ադրբեջանին տրամադրել ռազմական աջակցություն, բացառությամբ սահմանված դեպքերի) շրջանցման ուղիներ:

Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ Ադրբեջանի նման երկրին մեծածավալ ռազմական օգնությունը կարող է լրջագույն մարտահրավերներ ստեղծել տարածաշրջանի անվտանգության համար: Այս մասին է վկայում թեկուզ այն հանգամանքը, որ 2018-ի դեկտեմբերին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը (որին ուղղվել է ամերիկյան օժանդակությունը) ստանձնել է հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական կողմի Ղազախի և Աղսթաֆայի հատվածի (շրջանները սահմանակից են Տավուշի մարզին) պահպանությունը։ Այսինքն՝ չկա որևէ երաշխիք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ ԱՄՆ-ի օժանդակությամբ ձեռք բերված ռազմատեխնիկական միջոցները չեն օգտագործվի հայկական կողմի դեմ:

Արդյոք ամերկյան կողմը հաշվի է առել նման ռիսկերը, բարդ է ասել: Ամեն դեպքում, կար Ապրիլյան պատերազմի վատ նախադեպը, երբ հաստատվեց, որ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության շրջանակներում ԱՄՆ-ում ուսանած ադրբեջանցի զինծառայողները իրենց հմտությունները կիրառել են Հայաստանի և Արցախի զինված ուժերի դեմ, ինչը հակասում է տվյալ ծրագրի նպատակներին: Ուստի Ադրբեջանի նման ոչ կանխատեսելի և ագրեսոր երկրին ցուցաբերվող ռազմական օգնության ծրագրերն անհրաժեշտ է մանրակրկիտ վերանայել՝ տարածաշրջանային կայունությունը չվտանգելու համար:

Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում ԱԺ նախագահի պաշտոնական այցը ԱՄՆ, որտեղ Արարատ Միրզոյանը մի քանի կարևոր հայտարարություններ արեց։ Մասնավորապես նա Իրանի հարցում ճնշումների մասով նշել է. «Մենք կցանկանանք, որ ԱՄՆ ճնշում չգործադրի Հայաստանի վրա՝ իրանական պատժամիջոցների օրակարգում ներգրավելու համար: Հայաստանը չի կարող նման գին վճարել»։ Ինչպե՞ս կընկալի սա ԱՄՆ–ը և արդյոք մինչև այժմ նման ճնշում եղել է Հայաստանի վրա։

Այցը դեռ շարունակվում է, և այս պահին բարդ է ամփոփիչ գնահատական տալ: Այնուամենայնիվ, այցի շրջանակներում արդեն իսկ տեղի ունեցած հանդիպումները թե Կոնգրեսի ներկայացուցիչների, թե տարբեր վերլուծական կենտրոնների, թե տարբեր կազմակերպությունների հետ բավական կարևոր են: Հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները կարիք ունեն տրամաբանության փոփոխության, նոր բովանդակության և օրակարգի, և այս առումով խորհրդարանական դիվանագիտությունը կարող է որոշակի դերակատարում ունենալ:

Հաշվի առնելով ամերիկյան ուղեղային կենտրոնների կարևորությունը և դերակատարումը ԱՄՆ-ում որոշումների ընդունման գործընթացի վրա, դրական է, որ հայկական պատվիրակությունն ԱՄՆ-ում հանդիպումներ ունեցավ նաև փորձագիտական շրջանակների հետ: Շփումների նման ձևաչափը, շեշտադրումները կարող են նպաստել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունն առավել ընկալելի դարձնելուն, ինչը կարևոր է աշխարհքաղաքական առումով այս բարդ ժամանակաշրջանում:

Բազմիցս նախկին իշխանություններին մեղադրել են հայ–ամերիկյան օրակարգ չունենալու, ԱՄՆ–ի համար հետաքրքիր չլինելու մեջ։ Այսօրվա իշխանությունն ինչ է անում հայ–ամերիկյան հարաբերությունների խորացման և նոր մակարդակի դնելու ուղղությամբ։

Կարծում եմ՝ Թրամփի վարչակազմի վարած քաղաքականության առանձնահատկությունները, ՀՀ գործող իշխանությունների առաջ քաշած գերակայություններն առավել ակնհայտ են դարձրել հայ-ամերիկյան օրակարգի վերանայման անհրաժեշտությունը: Երկկողմ հարաբերությունների փոխշահավետ նոր մոդելի անցումը կարելի է բանաձևել որպես «օգնության վրա հիմնված համագործակցությունից անցում դեպի երկկողմ փոխշահավետ գործընկերություն»: Նման անցումը բավական կարևոր է, սակայն պահանջում է նաև ժամանակ ու երկկողմ քաղաքական կամք: Կարծում եմ, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ վերջին շրջանում հաճախակիացած այցերը ԱՄՆ թերևս վկայում են հարաբերություններում որակական փոփոխությունների հայկական կողմի պատրաստակամության մասին, և պետք է հուսալ, որ դրանք կնպաստեն երկկողմ նոր օրակարգի ձևավորման գործընթացին

Կարդալ ավելին

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով