Հայաստանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում օգոստոսի 28-ին կայացել է ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը: Այն անցկացվել է թեստավորման ձևաչափով։ Հարցերն առավելապես եղել են Հայրենական մեծ պատերազմի և միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ:
Ռազմական պատմության իմացությամբ մյուս մասնակիցներին գերազանցել է Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Հունաստանն է: Հայկական թիմն այս մրցաձևում երրորդն է:
Մրցաձևի ավարտին թիմերի անդամները շրջել են «Մայր Հայաստան» թանգարանում, ծանոթացել Հայրենական Մեծ պատերազմի ուշագրավ դրվագների ու հաղթանակների մասին պատմող, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին: