aysor.am: Իմ հրաժարականի հարցը չի քննարկվում, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ըմբռնումով է վերաբերվում իր հրաժարականը պահաջողների գործողություններին:
Հարցին, թե տեսնո՞ւմ է թերություններ, որ կարող է իր հրաժարականը պահանջելու պատճառ լիներ, նախարարը պատասխանեց.
«Երբ 2018 թվականին քննարկում էր գնում այն մասին, թե ինչ բարեփոխումներ են տեղի ունենալու մեր ոլորտում, ես առիթ եմ ունեցել ասելու, որ ոլորտում շատ ցավոտ և ծանր բարեփոխումներ են լինելու, որովհետև ակնհայտ էր բոլորիս համար, որ կրթական, այդ թվում՝ նաև մշակույթի և սպորտի ոլորտում այն համակարգերը, որոնք գործում են, մեծ դժգոհությունների տեղիք են տալիս, և այդտեղ պետք է բարեփոխումներ տեղի ունենան: Ասել եմ, որ այդ բարեփոխումները վերաբերելու են շատ մեծ թվով շահառուների խմբի, և, բնականաբար, լինելու են դժգոհություններ:
Այն խումբը, որը հիմա դժգոհում է, դժգոհում է շատ կոնկրետ պատճառներով, դրանց մասին իրենց կհարցնեք: Իրենք բովանդակությունից, ըստ էության, մասնավորապես, հանրակրթական չափորոշիչի և ծրագրային չափորոշիչներից գաղափար չունեն կամ ակնհայտ կեղծում են: Եթե նրանք պնդում են, որ Նախնական զինվորական պատրաստություն առարկան դուրս է գալիս, նրանք ստում են, երբ ասում են, որ սեպտեմբերից սեռական դաստիարակություն առարկա է մտնում ծրագրերի մեջ, նրանք ստում են, երբ ասում են, որ բոլոր չափորոշիչներում սեռական դաստիարակության բաղադրիչ է մտած, նրանք ստում են: Երբ ասում են՝ հայկական լեռնաշարահի փոխարեն գրված է Անատոլիա, նրանք ստում են:
Այն մարդիկ, որոնք ներգրավված են այս փողոցային պայքարին, շատ կոնկրետ նրանց շահերին շատ մեծ վնաս է հասցվել, որովհետև նրանց գործունեությունը ոլորտում եղել է արատավոր, և, բնականաբար, պետք է այս աղմուկը բարձրացնեն: Երբ ասում են, որ Խորանացին, Նարեկացին, Սայաթ-Նովան հանում են ծրագրից, ստում են», – նշեց նախարարը:
Արայիկ Հարությունյանը կոչ արեց լրագրողներին ոչ թե տարածել հնչող ապատեղեկատվությունը, այլ՝ խորանալ տեքստերի մեջ և ներկայացնել իրականությունը:
Անդրադառնալով դասարաններում երեխաների դիմակ կրելու պահանջին՝ Արայիկ Հարությունյանը նկատեց.
«Ես լսել եմ ծնողների մտահոգությունը: Մենք դա քննարկում ենք և, ըստ էության, այն առաջարկությունները, որոնք արվել են, այդտեղ որևէ նոր բան չկա: Դիմակներ կրելու կարգը փակ սահմաններում սահմանված է մայիսից»։