civilnet.am: Հայաստանը կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը ձեռք բերելու համար չի դիմել․ այս մասին ասաց առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նրա խոսքով՝ նախարարությունը դեռևս հետևում է այն բոլոր երկրներին, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրելու, փորձարկելու փուլում են գտնվում։
«Դեռևս հստակ դիրքորոշում այդ հարցով Հայաստանը չունի»,- հավելեց խոսնակը։
Ըստ ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը ձեռք բերելու համար դիմել է 27 երկիր, այդ թվում՝ Բելառուսը, Ադրբեջանը, Ղազախստանը։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատվաստանյութը առաջիններից կստանա Բելառուսը։ Ռուսաստանյան պատվաստանյութը մշակել է Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտը, այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը, կազմված է 0,5 մլ-անոց երկու սրվակներից՝ առաջին և երկրորդ բաղադրիչներով։ Դեղը ներարկվում է միջմկանային տարբերակով։