tert.am: Ուկրաինան կասեցրել է բոլոր կապերը Բելառուսի հետ, հայտարարել է երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան:
«Կարող եմ պաշտոնապես հայտնել այդ մասին: Հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Երբ կհամոզվենք, որ Բելառուսի հետ կապերը Ուկրաինայի հեղինակությանը բարոյական, էթիկական վնաս չի հասցնի, կվերականգնենք կապերը»,- հայտարարել է Կուլեբան:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԱԳ նախարարը հայտնել է, որ նախագահ Զելենսկին Լուկաշենկոյի հետ վերջին անգամ նախքան ընտրություններն է հեռախոսազրույց ունեցել:
Բացի այդ, ինչպես նախարարն է ասել, Կիևը հարկ եղած դեպքում որոշում կկայացնի Դոնբասի հարցով ընթացող բանակցությունների դիվանագիտական հարթակը Մինսկից տեղափոխելու վերաբերյալ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններին և դրան հետևած բողոքի ալիքին, հայտարարել է, որ երկրի ներքին գործերին խառնվելու ցանկություն չունի, բայց և նշել էր՝ չի ցանկանում, որ Բելառուսում կրկնվի այն, ինչ կատարվեց Ուկրաինայում 2014թ-ին: