Իրավապաշտպանը գերի ընկած հայ սպայի մասնակցությամբ տեսանյութը համարում է Ժնևյան կոնվենցիայի խախտում |armenpress.am|

armenpress.am: Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը Ադրբեջանում գերի ընկած ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձը համարում է Ժնևյան կոնվենցիայի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում։

«Այս անգամ, ի տարբերություն վերջին ժամանակներում տեղի ունեցած նախորդ դեպքերի, Ադրբեջանի տարածքում հայտնվել է սպա։ Տարիներ շարունակ հակառակորդ կողմն, առևանգելով կամ մոլորված անձանց գերի վերցնելով, փորձում է փոխանակել Արցախում անազատության մեջ գտնվող Շահբազ Գուլիևի ու Դիլհամ Ասկերովի հետ (վերջիններս ձերբակալվել են 2014 թվականին՝ Արցախի տարածքում: Արցախյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցագործություններում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, առևանգման, սպանության հոդվածներով – խմբ․)։ Այդ պատճառով ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ տեղի է ունեցել առևանգում։ Անգամ զինվորականի մոլորված լինելու դեպքում, Ժնևյան 3-րդ կոնվենցիայի համաձայն, իրենք պետք է վերաբերվեն նրան որպես ռազմագերու»,- ասաց Ալավերդյանը։

Անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեսանյութին՝ իրավապաշտպանն ընդգծեց, որ դա Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է։ Նրա խոսքով՝ ըստ կոնվենցիայի, գերեվարված անձը պետք է պաշտպանված լինի ամբոխի ավելորդ հետաքրքրությունից։

«Անազատության մեջ գտնվող անձին պարտադրել են ասել այն ամենը, ինչ մենք տեսնում ենք տեսանյութում՝ սա հենց Ժնևյան կոնվենցիաների խախտում է։ Լավ երևում է, որ սպան ընթերցում է այդ տեքստը և նա պարտադրված է այդ ամենն անում։ Առանց դատ ու դատաստանի նրանից կորզում են ինչ-որ ցուցմունքներ։ Սա նաև միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է։ Այս ամենում կա ևս մեկ կողմ՝ նրանք ամեն ինչ անում են ցուցադրաբար, ինչը նշանակում է, որ կա նաև քաղաքական միտում։ Սա հայկական կողմին հնարավորություն է տալիս, որպեսզի հասցնենք այդ գործը ոչ միայն միջազգային ատյաններ, այդ թվում և Եվրոպական դատարան, այլև քաղաքական այս կամ այն հարթակ»,- ընդգծեց Ալավերդյանը։

Նա հույս հայտնեց, որ հայկական կողմը կկարողանա ողջ և առողջ հայրենիք վերադարձել Գուրգեն Ալավերդյանին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով