tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԱԳ նախարար Հայկո Մաասը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Ռուսաստանին թափանցիկ և համապարփակ հետաքննություն անցկացնել՝ պարզելու ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջության վատթարացման հանգամանքները:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, համապատասխան փաստաթուղթը երկուշաբթի հրապարակել է Գերմանիայի կառավարության մամլո ծառայությունը:
«Charite հիվանդանոցի բժիշկների թիմի հայտարարության համաձայն՝ կլինիկական հետազոտությունների տվյալները ցույց են տալիս, որ Ալեքսեյ Նավալնիին թունավորել են»,- հիշեցրել են կանցլերն ու ԱԳ նախարարը:
Մերկելն ու Մաասն ընդգծել են, որ հաշվի առնելով Նավալնիի նշանակալի դերը Ռուսաստանի քաղաքական ընդդիմության շրջանում՝ իշխանություններն այժմ պետք է պարզեն մինչև վերջին հանգամանքը և թափանցիկ կերպով հետաքննեն այդ հանցագործությունը:
«Պետք է պարզել և պատժել բոլոր պատասխանատուներին»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ բեռլինյան հիվանդանոցի մասնագետներն ավելի վաղ հաստատել էին, որ Նավալնին թունավորվել է խոլինէսթերազների արգելակիչների խմբի նյութով: