Բելառուսի ժողովուրդը թույլ չի տա, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վերաբերվի իրեն այնպես, ինչպես նախկինում, և վաղ թե ուշ Լուկաշենկոն ստիպված կլինի լքել իր պաշտոնը: Այս մասին այսօր «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան: Այս մասին տեղեկացնում է dw.com-ը։
Բացի այդ՝ Տիխանովսկայան նշել է, որ վերջին շրջանում նա բազմաթիվ զանգեր է ստացել միջազգային առաջնորդներից, այդ թվում ՝ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի: Տիխանովսկայայի խոսքով՝ նա խնդրել է իր զրուցակիցներին սատարել բելառուս ժողովրդին և հարգել Բելառուսի ինքնիշխանությունը:
Տիխանովսկայան ասել է, որ բողոքի ցույցերի ընթացքում տուժած ցուցարարների մասին լուրերը ցնցել են նրան: Անդրադառնալով Բելառուսի և այլ երկրների հարաբերությունների ապագայի հարցին՝ նա նշել է, որ այդ ոլորտում որոշումներ պետք է կայացնի ոչ թե ինքը, այլ բելառուս ժողովուրդը:
Սվետլանա Տիխանովսկայան, որն այժմ գտնվում է Լիտվայում, որտեղ ստիպված է եղել ապաստանել Բելառուսի նախագահական ընտրություններից հետո, հավելել է, որ այս պահին իրեն ապահով է զգում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ իր հետ մի քանի թիկնապահ է շրջում: