tert.am: Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին այսօր լրագրողներին հայտնել է, որ բժիշկները ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակի հետ կապված ունեն 5 աշխատանքային ախտորոշում, գրում է meduza.io-ն:
«Այսօրվա դրությամբ մենք ունենք 5 աշխատանքային ախտորոշում: Ցավոք, այժմ նշել չեմ կարող…Սակայն կարող եմ ասել, որ դրանք բոլորն աշխատանքային են, մենք դրանք բոլորը մշակում ենք: Դրանք մշակվում են ռեանիմատոլոգների, նյարդաբանների, նյարդաֆիզիոլոգների կողմից…Մենք բոլորս պայքարում ենք մեր հիվանդի կյանքի համար»,- ասել է նա:
Ըստ նրա՝ բժիշկները շարունակում են անալիզներ վերցնել վերակենդանացման բաժանմունքում գտնվող Նավալնիից, հստակ ախտորոշման համար կպահանջվի ևս 2 օր, փոխանցում է ria.ru-ն:
Մուրախովսկին նշել է նաև, որ այսօր առավոտյան բժիշկները կոնսիլիում են անցկացրել լավագույն մասնագետների մասնակցությամբ: Բժիշկները գտնում են, որ նրա վիճակը թույլ չի տալիս տեղափոխել նրան Գերմանիա:
«Անհրաժեշտ է հիվանդի առողջական վիճակի ամբողջական կայունացմանը հասնել», – ասել է Մուրախովսկին:
Ավելի վաղ ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյան, հայտնել էր, որ տրանսպորտային ոստիկանությունը հայտնաբերել է այն նյութը, որով թունավորել են իր ամուսնուն։
Նավալնիի օրգանիզմում հայտնաբերված նյութի անվանումը չի բացահայտվում, հայտնել է ընդդիմադիր գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովի հաղորդմամբ էլ՝ տրանսպորտային ոստիկանությունում հայտնել են, որ դա «քննության գաղտնիքն է»։
Նավալնիի կինը պատմել է, որ չի վստահում Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցին, որտեղ գտնվում է իր ամուսինը: Նրա կարծիքով՝ բժիշկները գործչին պահում են կլինիկայում և թույլ չեն տալիս տեղափոխել Եվրոպա, «որպեսզի այն քիմիական նյութը, որը գտնվում է Ալեքսեյի օրգանիզմում, անհետանա»: