factor.am: ԱՄՆ-ն առանց երկմտելու պատժամիջոցներ կսահմանի ցանկացած պետության դեմ, որը հանդես կգա Իրանի նկատմամբ ՄԱԿ պատժամիջոցներ կիրառելու ջանքերի դեմ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News հեռուստաալիքի Special Report ծրագրի եթերում։
Ի պատասխան հաղորդավարի հարցին՝ արդյոք ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի՞ Ռուսաստանի և Չինաստանի դեմ, եթե վերջիններս դեմ լինեն Իրանի նկատմամբ պատժամիջոցներին՝ Պոմպեոն ասել է. «Երբ տեսնում ենք, որ որևէ երկիր խախտում է մեր ընթացիկ պատժամիջոցները՝ ամերիկյան պատժամիջոցները, մենք այդ երկրին պատասխանատվության կոչ ենք անում։ Նույնը կանենք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ավելի ընդարձակ պատժամիջոցների հարցում»:
Ավելի վաղ ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պոմպեոյին հանձնարարել է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ծանուցել, որ ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու գործընթաց է նախաձեռնում՝ 2015 թվականին կնքված միջուկային գործարքի համաձայն»: