armenpress.am: ՀՀ կառավարությունը պետական բյուջեում վերաբաշխում կատարելու որոշում ընդունեց՝ Դդմաշեն համայնքի կամուրջը վերանորոգելու համար:
Որոշման նախագիծը գործադիրի օգոստոսի 20-ի նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
«Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ մարզային նշանակության ավտոճանապարհի վրա գտնվող կամրջի մասնակի փլուզման հետևանքով նշված կամրջով երթևեկությունը դարձել է վտանգավոր: Հաշվի առնելով, որ չփլուզված մասը նույնպես գտնվում է վթարային վիճակում, այն վերանորոգելու անհրաժեշտություն է առաջացել: Տվյալ կամուրջը Դդմաշեն համայնքի համար ունի կենսական նշանակություն»,- ասաց Պապիկյանը:
Նախարարը նշեց, որ կամրջի վերանորոգման համար նախատեսվում է հատկացնել 12,5 մլն դրամ, որը գոյացել է Գեղարքունիքի մարզպետարանի խնայողությունների արդյունքում: