Նախ տեղեկացնեմ, որ երեկ ամբողջ օրվա ընթացում արձանագրվել է նոր 263 դեպք, ընդհանուր կատարված 1993 հետազոտություններից։ Համեմատելով նախորդ երկու- երեք շաբաթների իրավիճակը, կարող ենք հանգել, որ ունենք իրավիճակի կայունացում և դրան նախորդող անկման միտումը կարծես թե, դադարել է, առնվազն իմ նշած երկու- երեք շաբաթվա համար։ Սակայն, բուժօգնության կազմակերպման առումով իրավիճակը կրկին մնում է թեթև և ավելի քան կառավարելի․ այդ մասով որևէ խնդիր չունենք։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես նշեց․
«Հաշվի առնելով տնտեսական ակտիվությունը և ընդհանրպես բնակչության շարժունակությունը՝ այդ թվում Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը, ես կարծում եմ, որ շատ դժվար է լինելու մեր օրական այսքան արձանագրվող դեպքերից ավելի քիչ դեպքեր ունենալը, եթե իմ ասած իրավիճակը պահպանվի։ Կարծես թե, մեր որոշումն այնպիսին է , որ այդ իրավիճակը պահպանվելու է, հետևաբար պետք է սպասենք և ակնկալենք, որ մենք դժվար թե կարողանանք կտրուկ անկումներ արձանագրել, բայց առնվազն այս իրավիճակը և նման կառավարելությունը պահպանելու առումով, գոնե դրված կանոնները և առկա սահմանափակումները պետք է պահպանենք»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակելով նախարարի խոսքը ընդգծեց, որ
կայունություն ասածը հարաբերական է, քանի որ այն ցանկացած պահի կարող է դառնալ անկայունություն, որովհետև կառավարությունը և հանրությունը ավելորդ ոգևորությամբ են վերաբերվում թվերի նախընթաց անկմանը։
«Իհարկե , թվերը ավելի քան կրկնակի նվազել են՝ հուլիս ամսվա համեմատ, բայց եթե մենք ճիշտ չարձագանքենք իրավիճակին կրկին կվերադառնանք հուլիսյան իրավիճակին։ Այո՛, մեր քաղաքականությունը եղել է այն, որ ոչ մի քաղաքացի չպետք է մնա առանց բուժօգնության, և մենք դա կարողացել ենք ապահովել և կապահովենք առնվազն այն ծավալների պարագայում, ինչ ունեինք հուլիսի սկզբին, բայց գիտենք, որ պարտադիր կարգով 100 գրանցված դեպքերից 2-3 մահվան պարտադիր դեպք ենք ունենալու, սա հայաստանյան խնդիր չէ, ամբողջ աշխարհում է այսպես։ Հարցը այն է, որ մեր քաղաքացիները պետք է ջանք թափեն, որ չվարակվեն կորոնավիրոսւով, իհարկե վարչական լծակները նույնպես պետք է գործեն։
Անհատական պատասխանատվությունը կորոնավիրուսի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է, և իմ տպավորությամբ՝ մենք անհատական պատասխանատվության մակարդակում մեր զգոնությունը՝ պահանջվածից մի փոքր ավելի ենք թուլացրել։ Իմ կոչն է մեր հայրենակիցներին՝ պահպանել հակահամաճարակային կանոնները, հատկապես առանցքային է դիմակների կրման պայմանների պահպանումը։ Ընդ որում, մի իրավիճակում, որ այդ պայմանները բավականին մեղմացվել են։ Այնպես որ, ես իրավիճակը դեռ համարում եմ խնդրահարույց»։