Հայտնի ռուս ընդդիմադիր գործիչ, «Կոռուպցիայի դեմ» հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին հոսպիտալացվել է անգիտակից վիճակում ու վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին հայտնել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը թվիթերի իր օգտահաշվում։ Նրա խոսքով՝ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է ինքնաթիռում, որով նա Տոմսկից ուղևորվում էր Մոսկվա։ Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, Նավալնիին շտապօգնության մեքենայով տարել են հիվանդանոց։ Գրում է dw.com-ը։
Ավելի ուշ Յարմիշը հավելել է, որ քաղաքական գործչին, ըստ երևույթին, թունավորել են՝ ինչ-որ բան լցնելով թեյի մեջ։
«Դա միակ բանն էր, որ ինքը խմել է առավոտվանից։ Բժիշկներն ասում են, որ թույնն ավելի շուտ է ներծծվել տաք հեղուկի հետ։ Հիմա Ալեքսեյն անգիտակից վիճակում է»,- նշել է մամուլի քարտուղարը։
Ռուսական ԶԼՄ տեղեկություններով, Նավալնին վերջին օրերին Սիբիրում էր։ Սկզբում նա եկավ Նովոսիբիրսկ, որտեղ, հնարավոր է, նյութեր էր հավաքում նոր հետաքննության համար, ու հանդիպումներ էր ունեցել կամավորների հետ։ Այնուհետև նա գնացել է Տոմսկ։
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի