tert.am: Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը կմեկնարկի մոտավորապես մեկ ամսից: РБК-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Մշակված պատվաստանյութի հիմնական զանգվածը կհատկացվի հետգրանցումային հետազոտությանը: Դրանից հետո մնացած արտադրանքը կուղղվի քաղաքացիական շրջանառության: Ժամանակի տատանումը կարող է 2-3 շաբաթ տևել, կարող է մեկ ամիս ձգվել»,- ասել է Գինցբուրգը:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ՌԴ-ում առաջին գրանցված պատվաստանյութի ուսումնասիրության նոր փուլը նախատեսվում է սկսել 7-10 օրից: Նրա խոսքով՝ այդ ուսումնասիրությունների համար 4-6 ամիս կպահանջվի: Դրանց, հավանաբար, կմասնակցեն բժիշկներ և կարմիր գոտում աշխատող մասնագետները: Ընդհանուր առմամբ, փորձերին կմասնակցեն մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ: