armenpress.am: ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը ստիպեց, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը նույնպես ներկայացուցիչ ունենա այնտեղ և տեղում ծանոթանա ստեղծված իրավիճակին: Սինանյանը նման տեսակետ հնչեցրեց մամուլի ասուլիսում՝ մանրամասներ ներկայացնելով Լիբանանի մայրաքաղաք կատարած իր այցից:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հայտնեց, որ այցի հիմնական նպատակն էր տեղ հասցնել Հայաստանի կառավարության անունից Լիբանանի կառավարությանն հատկացված հումանիտար օգնությունը և տեղում ծանոթանալ հայ համայնքի խնդիրներին:
«Պայթյունից անմիջապես հետո մենք ահագնացող նորություններ էին ստանում պայթյունի ուժգնության, համայնքին հասած վնասների և համայնքում տիրող իրավիճակի մասին: Այս պայթյունը պահանջեց, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ներկայացուցիչ ունենա տեղում, որը կծանոթանա իրավիճակին, և դրա հիման վրա կառավարությունը կմշակի իր ծրագրերը»,- ասաց Սինանյանը:
Նա նշեց, որ պատվիրակության այցի ընթացքում հանդիպումներ են եղել Լիբանանի հայ համայնքի տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ:
«Հանդիպումներ ունեցանք հոգևոր առաջնորդների, տարբեր կուսակցություններ և մշակութային կազմակերպություններ ներկայացնող մեր հայրենակիցների, լիբանահայ մամուլի ներկայացուցիչների հետ: Այցելեցինք բժշկական հաստատություններ, պայթյունից տուժած անհատների տներ, որպեսզի տեսնենք, թե կորուստներն ինչ բնույթ են կրում: Հանդիպեցինք նաև տարբեր անհատների հետ, որպեսզի ավելի համապարփակ և օբյեկտիվ պատկերացում կազմենք այն իրավիճակի հետ կապված, որը տիրում է Լիբանանում»,- նշեց Զարեհ Սինանյանը: