azatutyun.am: Պաշտոնական Վաշինգտոնը պատրաստվում է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Իրանի դեմ սահմանված զենքի մատակարարումների էմբարգոյի գործողության ժամկետը երկարաձգելու առաջարկով։ Անցած գիշեր ԱՄՆ մայրաքաղաքում նման հայտարարությամբ է հանդես եկել Պետքարտուղար Մայք Փոմփեոն՝ համոզմունք հայտնելով, որ Թեհրանը պետք է զուրկ լինի սպառազինությունների համաշխարհային շուկայում գործարքներ կնքելու անսահմանափակ հնարավորությունից։
«Հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իրանին զենքի մատակարարումների էմբարգոյի ժամկետը երկարաձգելու պաշտոնական առաջարկ կներկայացնի։ Անվտանգության խորհրդի առաքելությունը միջազգային խաղաղության և անվտանգության ապահովումն է։ Անվտանգության խորհուրդը խեղկատակության կվերածի իր իսկ առաքելությունը, եթե հնարավորություն տա ահաբեկչության թիվ մեկ հովանավոր հանդիսացող պետությանը ազատորեն զենք գնել», – հայտարարում էր Փոմփեոն։
ՄԱԿ-ի կողմից Իրանին զենքի մատակարարումների էմբարգոյի ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին։ Սահմանված արգելքը զրկում է Իրանին մի շարք զինատեսակներ, այդ թվում` տանկեր ու ռազմական օդանավեր գնելու հնարավորությունից։