ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր ընդունեցի Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Հասրաթյանին և տեսչական մարմնի ստորաբաժանումների ղեկավարներին։
Քննարկեցինք ոլորտում առկա խնդիրները, կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով՝ դրանց լուծմանը միտված ընթացիկ գործընթացների վիճակը, ինչպես նաև առանձին քննարկման արժանացավ տեսչական մարմնին տրված լիազորությունների շրջանակը, գործիքակազմը և դրանք իրացնելու հնարավորությունները։
Մասնավորապես անդրադարձ կատարվեց ապօրինի ջրօգտագործման, ծառահատումների, անազատության մեջ պահվող կենդանիների հաշվառման հիմնախնդիրներին, համակարգային փոխգործակցության հատվածում բացերին, վերահսկման և կանխարգելման նոր գործիքակազմի մշակման անհրաժեշտությանը։
Անդրադարձա նկատելի թերություններին ու իրավասու մարմինների միջև գործողությունների հետևողականության և համագործակցության տեսանելի բացերին։
Ըստ իս՝ այսօր առկա է իրական կյանքում՝ շրջակա միջավայրում արձանագրված բազմաթիվ իրավիճակային խնդիրների և դրանց հակազդելու կանխարգելելու, հետևանքները վերացնելու ընթացակարգերի և օրենսդրական իրավակարգերի խիստ անհամապատասխանություն։
Շատ հաճախ վերահսկողական գործառույթներով օժտված տեսչական մարմնի բարեվարքության վրա ազդում է այդ լիազորություններն իրացնելու գործընթացի բարդ ընթացակարգը և արդյունքում տեսուչին հնարավորություն չի ընձեռվում շրջակա միջավայրի ամենատարբեր իրավախախտումներին տալ արագ գնահատական և օպերատիվորեն հակազդել իրավախախտների գործողություններին։
Շրջակա միջավայրի նախարարության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի փոխգործակցությունը կատարելագործվելու և ավելի ինստիտուցիոնալ հունի մեջ դնելու կարիք կա։
Պետությունը տեսչական մարմնին օժտել է գործիքակազմով, որպեսզի վերջինս յուրաքանչյուր խնդրի ու ապօրինի գործողության արագ և տեղում արձագանքեն, հետամուտ լինեն դրանց հետևողական ու ամբղջական լուծմանը։
Մեր երկու գերատեսչություններն ամենաուղղակի ազդեցությունն ունեն շրջակա միջավայրի ճիշտ և հոգատար կառավարմամբ պայմանավորված՝ հասարակության վարքագծի ձևավորման վրա, ինչն այսրոպեական ձեռնարկումներ ու միջամտություններ է պահանջում։
Հանդիպաման ընթացքում մշակվեց առաջիկա կարճաժամկետ գործողությունների ճանապարհային քարտեզ։
Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական խնդիրները շատ են, և կարիքը կա խիստ համագործակցության ու փոխգործակցության ավելի լայն մասշտաբների և արդյունավետ, երկուստեք իրականացվող գործընթացների։
Ամփոփելով հանդիպումը, հույս հայտնեցի, որ ամենասեղմ ժամկետներում նոր քաղաքականության շրջանակներում կմշակվի փոխգործակցության ավելի արդյունավետ համակարգ, կստեղծվեն հաղորդակցության ու հետադարձ կապի ինտերակտիվ խողովակներ և երաշխավորեցի, որ ձեռնամուխ կլինեմ տեսչական մարմնի ինստիտուցիոնալ հզորացման ու կարողությունների ընդլայնման գործին»։