tert.am: ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև անմաքս առևտրի համաձայնագրի վավերացումը կորոնավիրուսի ֆոնին մեծ հնարավորություններ է բացում սննդարդյունաբերության, մանավանդ սերբական պանիր և ալկոհոլ արտադրողների համար: Այս մասին հայտարարել է Սերբիայի գյուղատնտեսության նախարար Բրանիսլավ Նեդիմովիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Հուլիսի 25-ին Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի վավերացումը:
2019-ի հոկտեմբերին Բելգրադը համաձայնագիր է ստորագրել ԵԱՏՄ-ի հետ անմաքս առևտրի գոտի ստեղծելու մասին, այն վավերացվում է միության անդամ բոլոր պետությունների կողմից:
«Համաձայնագրի վավերացումը հնարավորություն է տալիս սերբական արտադրանքները գրեթե 200 միլիոնանոց շուկա մատակարարել: Հատկապես կառանձնացնեի պանիրներն ու մրգային ռակիան (ուժեղ ալկոհոլային խմիչք, Սերբիայի ազգային հպարտության առարկա): Մեծ հնարավորություն է սննդարդյունաբերության համար, որը մենք պետք է օգտագործենք, մանավանդ հիմա, երբ բոլորը կորոնավիրուսի պատճառով փակվում են, և շատ երկրներ հնարավորության կարիք ունեն սեփական արտադրանքն արտահանելու համար»,-ասել է նախարարը: