tert.am: Նորմատիվ իրավական ակտ է ընդունվել, որը պատշաճ չի ծանուցվել: Եթե ընդունենք, որ մայիս 25-ին է որոշումը ընդունվել, ուրեմն առնվազն մայիս 26-ին է փաստաթուղթն ուժի մեջ մտել, ինչը նշանակում է, որը այն հետադարձության հետ կապված որոշակի խնդիրներ ունի։ Այս մասին այսօր բուհ չընդունված դիմորդների ասուլիսի ժամանակ նշեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով Կառավարության որոշմանը, համաձայն որի՝ 59-րդ կետով դիմորդների հայտ ներկայացնելու հետ կապված փոփոխություն է կատարվել, որի մասին դիմորդները բավարար իրազեկված չեն եղել:
«Չեմ կարող ասել՝ Կառավարության որոշումն իրավական անգրագիտության, թե մշակված քաղաքականության արդյունք է, սակայն հակասում է մի շարք օրենքների: Այն, ինչ ընդունել է Կառավարութունը, ստեղծում է հակասահմանադրական իրավիճակներ, մենք սահմանել ենք հակաքայլեր: Կառավարության որոշումը, որով ընդունելության նոր կարգ է սահմանվել, մենք չորեքշաբթի կվիճարկենք Վարչական դատարանում՝ հատուկ վարույթի կարգով:
Քննարկում ենք և արդեն ունենք հստակ դիրքորոշում, որ մյուս շաբաթվա մեջ կդիմենք Սահմանադրական Դատարան և ՄԻԵԴ: Մասնագետներ կան, որ մեր քայլերը չեն ընդունում, սակայն ակնհայտ է՝ մենք չունենք ՍԴ, ՄԻԵԴ դիմելու կանոնների սպառման խնդիր, այսինքն ներպետական ատյաններով անցնելու խնդիր չունենք, քանի որ և՛ Եվրոպական դատարանի, և՛ ՍԴ պրակտիկայի համատեքստում, մի դեպքում սահմանադրականության, մյուս դեպքում՝ Եվրոպական կոնվենցիայով իրավունքների խախտումը ներպետական ատյաններում սպառելու ոչ արդյունավետ միջոցներ են»,- նշեց փաստաբանը:
Ալեքսանդր Կոչուբաևը նշեց նաև, որ որպես վերջին տարբերակ Վարչական դատարան կդիմեն՝ կրկին վիճարկելու Կառավարության որոշումը։
Ավելին՝ tert.am-ում