Հաշվի առնելով՝ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը կորոնավիրուսի թեման մի փոքր հետ է մղվել, բայց ես այսօր շատ կարևոր եմ համարում մի արձանագրում անել։ Խնդիրն այն է, որ հունիսի 14-ից հետո առաջին անգամ մեր՝ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը , այսինքն՝ դրական ախտորոշմամբ և չբուժված մարդկանց թիվը առաջին անգամ 10․000-ից ցածր է։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս իր խոսքում մասնավորապես նշեց․
«Սա շատ կարևոր նորություն է, հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլ նաև համաշխարհային կանխատեսվող, աշնանը սպասվող երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ։
Ես նկատեցի, որ այս լուրերի ֆոնին կրկին ակտիվացել է այն հակահամաճարակային կանոնների դեմ PR արշավը, որովհետև տեսնում եմ, որ էլի հակադիմակային շարժումներ են սկսվում և այլն։ Ես ուզում եմ հստակ արձանագրել, թե որն է պատճառը, որ մենք այսօր տեմպի որոշակի անկում ունենք։ Պատճառը միանշանակ հակահամաճարակային կանոնների պահպանումն է, որի գագաթնակետը դիմակների կրումն է։ Բոլորիս համար էլ տհաճ է դիմակ դնելը, ինձ համար էլ է տհաճ, բայց ակնհայտ է, որ հիմնականում դիմակի կրման որոշակի կարգուկանոն ունենալու շնորհիվ է այս փոքր-ինչ դրական դինամիկան։
Ասում են, որ տաք ջերմաստիճանը նույնպես նպաստում է վարակի նվազմանը, բայց հունիսին մենք հետևում էինք այն երկրներին, որտեղ ջերմաստիճանը նույնիսկ 40-ից բարձր էր, բայց էնտեղ ծավալվում էր շատ մեծ տեմպերով և ուզում եմ միանշանակ ասել,որ այս վիճակագրությունը չպետք է մեզ թուլացնի, այլ ոգևորի, որ հակահամաճարակային կաննորեը ավելի լավ պահպանվեն։ Խնդրում եմ տուրք չտաք, այդ անպատասխանատու հայտարարություններին։
Չեմ կարող ասել, որ դիմակի կրումը միակ գործոնն է, որը նպաստում է, որ մենք որոշակի կայունություն և տեմպի նվազում ունենանք, բայց այս պրոցեսի մեջ ունի անկյունաքարային նշանակություն։ Իմ կոչն է, որ մենք այս հարցում ավելի համախմբվենք, որպեսզի աշնան լինենք ավելի պատրաստ՝ հնարավոր երկրորդ ալիքին։ Մեր երկրում արդեն մոտ 700 մարդ է մահացել կորոնավիրուսից, սա սարսափելի թիվ է։ Եթե դիմակի կրման հետ կապված փոփոխություններ լինեն, մենք դրա մասին կհայտնենք, պետք չէ թուլացնել զգոնությունը։ Այս ընթացքում էլ մենք բոլոր հնարավոր թուլացումներն արել ենք, եթե մենք դա չենք անում, ուրեմն դա այս պահին հնարավոր չէ կամ խելամիտ չէ, վստահություն չկա, որ դա ճիշտ քայլ է։ Կարող է, որ վաղը և մյուս օրը թվերը էլի աճեն, այսօր էլ թիվը փոքր չէ, 400-ը փոքր թիվ չէ։ Օրինակ Ավստրալիան հայտարարեց, որ հաղթահարել է համաճարակը, սակայն հիմա կրկին օրական 500-ից ավելի դեպքեր են ունենում, կրկին անցել են լոքդաունի։ Եկեք մի փոքր ավելի երկար դիմանանք այս սահմանափակումներին, բայց իսկապես հաղթահարենք համավարակը և ոչ թե իմիտացիա ստեղծենք, թե հաղթահարել ենք»։