shantnews.am։ Բողոքներից հետո հարկադիր պարապուրդում գտնվող «Սասստեքս» ընկերության աշխատակիցներին այսօր առավոտյան զանգահարել ու հրավիրել են գործարան՝ ասելով, որ ընկերության սեփականատեր Քրիստիան Գելեջին է ցանկություն հայտնել հանդիպել նրանց հետ։
Հիեշեցնենք, որ բողոքող 150 կարող բանվորուհիներից մոտ 45-ն այս ընթացքում համաձայնել է աշխատել գործավարձային հիմունքներով, իսկ մյուսները հրաժարվել են: Ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ, լրագրողների մուտքը գործարանի տարածք արգելվեց:
Աշխատողների հետ հանդիպումը տևեց մոտ 3 ժամ, այդ ընթացքում աշխատակիցներից մի քանիսը բավականին լարված ու նյարդային վիճակում դուրս եկան գործարանից և հայտարարեցին, որ հրաժարվել են նույն պայմաններով աշխատել, մյուսները շտապողական քայլերով հեռացան։ Ոմանք էլ, այլընտրանք չունենալով, հարմարվել են առաջարկված աշխատանքային պայմաններին:
Ժողովից հետո շատերը լրագրողների հետ զրույցից խուսափեցին, ներսում հրահանգել էին չշփվել լրատվամիջոցների հետ։ Նույն կերպ վարվեց նաև «Սասստեքս» ընկերության սեփականատեր Քրիստիան Գելեջին, որը ընդամենը փոխանցեց, որ իր աշխատակիցների հետ ինքն այլևս խնդիրներ չունի՝ հուլիս ամսվա համար կձևակերպեն վճարովի արձակուրդ, իսկ օգոստոս ամսվա համար՝ չվարձատրվող։