azatutyun.am: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի համոզմամբ՝ Հունաստանի և Կիպրոսի ծովային սահմանների ոտնահարման ցանկացած դեպք պետք է արժանանա Եվրամիության կոշտ հակազդեցությանը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել է այսօր՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ հանդիպման ընթացքում։
«Ես ցանկանում եմ մեկ անգամ ևս կրկնել, որ Ֆրանսիան Թուրքիայի կողմից Կիպրոսի և Հունաստանի ինքնիշխանության ոտնահարմանն ուղղված գործողությունների համատեքստում իր լիակատար աջակցությունն է հայտնում այդ պետություններին։ Անընդունելի է, երբ ԵՄ անդամ պետությունների ծովային սահմանների անձեռնմխելիությունը ոտնահարվում է կամ վտանգվում», – հայտարարել է Մակրոնը:
«Նման գործողությունների հեղինակների դեմ հարկավոր է պատժամիջոցներ կիրառել։ Հունաստանն ու Կիպրոսը այս հարցում Ֆրանսիայի լիակատար աջակցությունն ունեն», – ասում էր Ֆրանսիայի նախագահը։