azatutyun.am: «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակներում հարցազրույց Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանի հետ:
– Օգտատերերից մեկը հարցնում է, թե ի՞նչ գործողություններ են լինելու Հայաստանի կողմից, որ գյուղատնտեսական մթերք արտահանողները Ռուսաստանում ազգային խտրականության չենթարկվեն:
– Այս ուղղությամբ երբ եղան զարգացումներ, մենք տեսանք, թե ինչպես արդյունավետորեն աշխատեցին Հայաստանում էկոնոմիկայի նախարարությունը Ռուսաստանում մեր դեսպանության հետ միասին: Այդ հարցին անդրադարձել է նաև մեր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ խորհրդի նիստի ժամանակ, դա համարել է անընդունելի և կոչ է արել ընկերներին ուսումնասիրել հարցը:
Այս առումով մեր օգտատիրոջը կարող եմ հավաստիացնել, որ այս հարցում հետամուտ ենք լինելու, որպեսզի հետագայում նմանօրինակ զարգացումները կանխվեն:
– Օգտատերերից մեկն էլ հարցնում է՝ Հայաստանն արդյոք մասնակցելո՞ւ է Հակաթուրքական ալյանսին, որը սկսել են Կիպրոսը, Հունաստանը, Եգիպտոսը:
– Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը եղել և շարունակում է մնալ Հայաստանի համապարփակ անվտանգության համակարգի ապահովումը: Այս առումով մենք գնահատում և օգտագործում ենք բոլոր հարթակները՝ դրանք լինեն երկկողմ թե բազմակողմ ձևաչափով, որոնք ուղղված են մեր համապարփակ անվտանգության ապահովմանը:
– Մեկ այլ օգտատեր հարցնում է՝ ինչպե՞ս կգնահատեք «Թվատան» կամավորների աշխատանքը քարոզչական դաշտում:
– Բավականին բարձր եմ գնահատում այն աջակցությունը, որը մենք ստացանք հասարակության տարբեր շերտերից այս օրերին: Իմ գործընկերները նույնպես իրենց խոսքում դա բազմիցս են նշել, որ բավականին մեծ խմբով երիտասարդներ, ոչ միայն երիտասարդներ, այլև տարբեր ներկայացուցիչներ հասարակության տարբեր շերտերից իրենց աջակցությունը և իրենց զորակցությունը մեզ հայտնեցին: նախևառաջ իրենք մեծ նպաստ ունեցան մեր աշխատանքի կազմակերպման, համակարգման իրականացման գործում, և դա իսկապես ոգևորիչ է: Այն, ինչ որ արեցին սոցիալական մեդիա հարթակում մեր երիտասարդները, իրապես հիացնող էր, որովհետև իրենք կարողացան մարդկային ռեսուրսով պայքարել մի բանի դեմ, որը ավտոմատացված է: Դա իսկապես ոգևորող է, թե մենք որքան կարճ ժամանակում որքան ակտիվ մոբիլիզացում ունեցանք և ակտիվ աշխատանք, որը ուղղված է մեր բոլորի միասնական շահերի ներկայացմանն ու պահպանմանը:
– Օգատետերը որպես հարցի շարունակությունը ասում է՝ ի՞նչ կարող են անել դրսի համայնքները զուտ օգնության առումով և արդյո՞ք դեսպանատների դիմաց բարձր գոռալը բավարար է:
Նաղդալյան. – Մենք բարձր ենք գնահատում նաև համայնքի համախմբվածությունը համահայկական օրակարգի հարցերի շուրջ, իսկ այս հարցը մեր համահայկական օրակարգի հարցերից մեկն էր: Այդ առումով բոլոր համախմբվածությունը, համախմբված աշխատանքը, բնականաբար, իր արդյունքն է տալիս:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել azatutyun.am-ում