tert.am: Եվրամիության գագաթնաժողովը չի քննարկել Թուրքիայի հարցը, այն հնարավոր է քննարկվի սեպտեմբերին` ԵՄ անդամ երկրների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովում: Այս մասին ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Հունաստանը «դաշնակիցներ» ունի Թուրքիայի դեմ «կոշտ պատժամիջոցների» հարցում:
«Ես այսօր շատ չեմ խոսի արտաքին քաղաքականությունից: Թուրքիայի թեման քննարկվել է գագաթնաժողովի սկզբում: Եղել են իմ և Կիպրոսի նախագահի ելույթները: Կարծում եմ՝ կլինի Եվրախորհրդի նախագահի ելույթն այդ թեմայով, կա համաձայնություն, որ հաջորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա սեպտեմբերին, այսինքն՝ արտահերթ կլինի, մենք քննարկում կանցկացնենք այն մասին, թե ինչպես պետք է Եվրոպան վերաբերվի Թուրքիայի խնդրին»,-ասել է Միցոտակիսը:
«Թուրքիան խնդիր է հանդիսանում ամբողջ Եվրոպայի, ոչ միայն Հունաստանի և Կիպրոսի համար»,-հավելել է վարչապետը: