ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում նշել է, որ այսօր լրանում է Կիպրոս թուրքական ներխուժման 46-րդ տարին:
«Հազարավոր կիպրացիներ սպանվեցին կամ վիրավորվեցին ներխուժման ժամանակ և ավելի քան 200 000 մարդ փախստական դարձավ: Կիպրոսի հյուսիսային մասն առ այսօր շարունակում է օկուպացված մնալ թուրքական իշխանությունների կողմից:
Թուրքիայի շարունակական սադրիչ, ապակառուցողական և ապօրինի գործողությունները Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և նրա՝ գնալով է՛լ ավելի ռազմատենչ դարձող քաղաքականությունը խաթարում է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:
Մենք մեր լիակատար և անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին այս ողբերգական տարելիցի կապակցությամբ և վերահաստատում ենք մեր աջակցությունը Կիպրոսին հակամարտությունը կարգավորելու համար»,- ասված է գրառման մեջ: