hetq.am: 280 հազար դոլարով վաճառվում է Հրազդան քաղաքի նախկին ավտոկայանի մասնաշենքը։ Վաճառքի հայտարարությունը հրապարակվել է անվճար հայտարարությունների list.am կայքում։
Հրազդանի ավտոկայանը կառուցվել է 1978 թվականին: Ճարտարապետը Հենրիկ Առաքելյանն է։ Ավտոկայանի շենքը Հայաստանի՝ Խորհրդային Միության մոդեռնիստական ոճի քիչ մնացած շենքերից է։
Այնտեղ նախկինում գործում էր «Տուրիստ» առևտրի սրահը և սրճարան։ Առևտրի կենտրոնում վաճառվում էին հագուստ, տնտեսական ապրանքներ և սնունդ։

Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ ավտոկայանի այդ մասնաշենքը մասնավորեցվել է 2002 թվականին։ Իսկ դրա միակ սեփականատերը Հրազդանի բնակիչ, 69-ամյա Ժենիկ Սերոբյանն է՝ «Տուրիստ» խանութի նախկին աշխատակից։
«Ավտոկայանի շենքը Սովետական մոդեռնիզմի վառ օրինակներից է։ Այդ շենքը բազմաթիվ միջազգային հրատարակություններում առկա է։ Հրազդանցիները նույնպես կարող են վկայել, որ զբոսաշրջիկները, ովքեր գալիս են Հրազդան, առաջին հերթին գալիս են տեսնելու այդ ավտոկայանը»,- ասաց ճարտարապետ Ռուբեն Արևշատյանը։
Վերջինիս գնահատմամբ՝ Հրազդանի ավտոկայանի շենքը մշակութային հուշարձան է և պետք է ներառվի նորահայտ հուշարձանների ցանկում։ Ռուբեն Արևշատյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը նրան տեղեկացրել է, որ 20-րդ դարի ճարտարապետության որոշակի նմուշներ պետք է ընդգրկվեն մշակութային հուշարձանների վերանայված ցանկում, քանի որ այդ շենքերը վտանգված կառույցներ են։


«Եթե շենքը վաճառվի և ձևափոխվի, այդ շենքը կկորի, որովհետև եթե այն դառնում է մասնավոր սեփականություն, և չկա պետության կողմից հաստատված որևէ սահմանափակում՝ նրա ձևափոխման հետ կապված, շենքը կարող է նույնիսկ քանդվել»,- ընդգծում է ճարտարապետը։
Որպես գնորդ՝ զանգահարեցինք շենքը վաճառող անձին։ Էդվարդ անունով ներկայացած վաճառողն ասաց՝ շենքը պատկանում է ընկերոջը, ով բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նրա փոխանցմամբ՝ շենքի մակերեսը 189 քմ է, իսկ շենքը գնելու դեպքում գինը սակարկելի է։
Ինչպես մասնավորեցվեց Հրազդանի ավտոկայանը
2018 թվականին մասնավորեցվել է նաև Հրազդան քաղաքի ավտոկայանի բուն շենքը։ Ավտոկայանի սպասասրահում արդեն մի քանի տարի գործում է հանդիսությունների սրահ։


Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնել են, որ ավտոկայանի շենքը օտարվել է աճուրդով՝ «Հայավտոկայան» ՓԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ժողովի որոշմամբ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ՝ ավտոկայարանի, ջրավազանի, շվաքարանի տարածքն ու հողատարածքը վաճառվել են 87 մլն 440 հազար դրամով:
«Հաշվի առնելով, որ այդ ավտոկայանը գտնվում էր Հրազդան քաղաքից դուրս, քաղաքացիների համար անհարմար դիրքի պատճառով երկար տարիներ ըստ նշանակության չէր օգտագործվում և նպատակահարմար չէր վերագործարկել ըստ իր նշանակության՝ ընկերության 2018 թվականի հուլիսի 12-ին կայացած բաժնետերերի արտահերթ ժողովի որոշմամբ թույլատրվել էր «Հայավտոկայան» ՓԲԸ-ին օտարել ավտոկայանը»,-հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեն։
Կոմիտեն նաև ընդգծել է, որ ավտոկայանի օտարման հարցը քննարկվել է նաև Տնտեսական զարգացման և ներդրումների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչների հետ, ովքեր կողմ են արտահայտվել Հրազդանի ավտոկայանի օտարմանը։


Ավտոկայանի շենքը գնել է Կարեն Սահակյանը։ Կարեն Սահակյանը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նախկին տնօրենն էր, իսկ վերջինիս հայրը՝ Ռոբերտ Սահակյանը, Հրազդանի բժշկական կենտրոնի նախկին տնօրենն է։
Հրազդանի ավտոկայանը 2000 թվականի օգոստոսին սեփականության իրավունքով գրանցվել է «Հայավտոկայան» ՊՓԲԸ-ի անվամբ՝ Կառավարության 1998 թվականի որոշմամբ։ 2006 թվականի սեպտեմբերին շենքը վերագրանցվել է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի անվամբ: Արդեն 2018 թվականի նոյեմբերի 29-ին ավտոկայանի շենքը օտարվել է և իրավունքի պետական գրանցում է ստացել Կարեն Սահակյանի անվամբ։
Մինչ ավտոկայանի շենքը գնելը, Կարեն Սահակյանը 2015 թվականից 10 տարի ժամկետով վարձակալել էր շենքի 80 տոկոսը։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց նա։ Կարեն Սահակյանի փոխանցմամբ՝ շենքի աճուրդի մասին պատահական է տեղեկացել, թեև մինչև 2025 թվականը շենքի վարձակալության պայմանագիր է ունեցել։
Շարունակությունը՝ hetq.am-ում