armenpress.am: Հայ-ադրբեջանական սահմանի վերջին զարգացումները, Ադրբեջանի ներսում ընթացող քաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունը փակուղային իրավիճակում է հայտնվել: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«2012-2013 թվականներից մինչ այսօր Ադրբեջանի իշխանությունները 20 մլրդ-ից ավելի գումար են ծախսել բանակի վրա: Հասարակությանն իրավիճակը ներկայացրել են այսպես՝ դուք վատ եք ապրում, բայց մենք լուծում ենք Ղարաբաղի հետ կապված խնդիրը: Գալիս է ժամանակ, երբ պարզվում է, որ այդ բանակն ի վիճակի չէ լուծել որևէ խնդիր: Մյուս կողմից տեսնում ենք ընթացող ներքաղաքական պայքարը: Ստացվել է մի վիճակ, ինչ այժմ ունենք, այն է, նրանք չեն ցանկանում գնալ բանակցությունների, իրենք ընտրում են ռազմական ճանապարհը, որը չի ընդունում որևէ միջազգային կառույց, բազմաթիվ պետություններ: Ես ենթադրում եմ, որ սա բերելու է լուրջ փոփոխությունների Ադրբեջանի ներսում»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Ավելի ուշ Ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծել հայկական դիրքերը, թիրախավորել էր նաև քաղաքացիական օբյեկտները:
Հուլիսի 16-ի լույս գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Սա հուլիսի 15-ի ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն էր: