armtimes.com: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե ինչի՞ համար ենք պահպանում արտակարգ ռեժիմը:
Փոխվարչապետը պատասխանեց, որ եթե հենց այսօր հանեին արտակարգ ռեժիմը, կորոնավիրուսի տարածման կանխմանը ուղղված գրեթե բոլոր սահմանափակումները հնարավոր չէին լինի պահպանել, ուրիշ մեխանիզմ կանոնների պահպանման համար չկա:
Նա վստահեցրեց, որ քննարկում են հետագայում արտակարգ դրությունը արտակարգ իրավիճակի ռեժիմով փոխարինելու հարցը:
Օգտվելով արձագանքելու հնարավորությունից՝ Մարուքյանը հստակեցրեց իր մտահոգությունը:
«Մի հոգանոց ակցիա անողին ասում են՝ արտակարգ դրություն է, դու իրավունք չունես ակցիա անելու»,- հայտարարեց Մարուքյանը՝ եզրակացնելով. «Դառնում է, որ արտակարգ դրությունը սրա համար է: Ես ուզում էի, որ դուք ասեիք՝ բացի հավաքների սահմանափակումները, ուրիշ ինչի՞ համար է արտակարգ դրությունը երկարացվում»:
Ավինյանն ասաց, որ այն բոլոր իրավունքների սահմանափակումները, որոնց մասին նշեց Մարուքյանը, այս պահին ճյուղային օրենքներով կարգավորված չեն, այդ փաթեթի վրա աշխատանք տարվում է, Ազգային ժողովում կքննարկվի: